14 հոկտեմբերի 2021 - 14:19 AMT
ՀՀ քաղաքացիներն անձնագրում որպես ծննդավայր կկարողանան նշել ոչ թե պետությունը, այլ ծնվելու քաղաքը

Գործադիրը հավանություն է տվել որոշման նախագծին, որի համաձայն ՀՀ քաղաքացիներն իրենց անձնագրում որպես ծննդավայր կկարողանան նշել ոչ թե պետությունը, այլ ծնվելու քաղաքը, ինչը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացող խնդիրներով։

Փոփոխություններ կկատարվեն «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում:

Ըստ գործող կարգի ՀՀ քաղաքացու անձնագրի (նույնականացման քարտի) մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է, սակայն խնդիրներ են առաջանում այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդավայրը ՀՀ կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք:

Հիմնավորման մեջ նշվում է, որ հարցը քննարկվել է արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաև պետությունը:

Գործադիրը նաև որոշել է հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ մինչև 2022-ի դեկտեմբերի 31-ը: