Միրզոյան․ ԵԱՀԿ ՄԽ մանդատի ներքո ԼՂ կարգավորումը կնպաստի տևական խաղաղությանը Հրվ. Կովկասում

Միրզոյան․ ԵԱՀԿ ՄԽ մանդատի ներքո ԼՂ կարգավորումը կնպաստի տևական խաղաղությանը Հրվ. Կովկասում

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մինսկում գումարված ԱՊՀ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը։

Միրզոյանը, անդրադառնալով կառույցի հետագա զարգացմանը, ընդգծել է մասնակից պետությունների կողմից ԱՊՀ հիմնարար փաստաթղթերում արտացոլված ինքնիշխանության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի, պետական սահմանների անխախտելիության, ուժ և ուժի սպառնալիքի չկիրառման ու վեճերի՝ խաղաղ միջոցներով կարգավորման սկզբունքներին հավատարմության կարևորությունը։

Վերոնշյալը շեշտվել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի համատեքստում։ Կարևորվել է նաև նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակումը և ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

Միջոցառման ընթացքում, որն անցկացվել է նեղ, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով, ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ կառույցի հետագա զարգացման համատեքստում, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ, մանրամասն քննարկել են ԱՊՀ շրջանակներում քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային ու հումանիտար փոխգործակցությանն առնչվող հարցեր:

ԱԳ նախարարներն ամփոփել են հիմնադրումից ի վեր՝ անցած երեսուն տարիների ընթացքում իրականացված աշխատանքները և իրագործված ծրագրերը, դիտարկել են ԱՊՀ զարգացման հեռանկարները և գործունեության առաջնահերթ ուղղությունները:

ԱԳՆԽ նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք հայտարարություններ, որոնք հաջորդ օրը կներկայացվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը։

Մինսկում նախատեսվում է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---