Սիսիանի նախկին համայնքապետ Սարգսյանն ազատ է արձակվել գրավի դիմաց

Սիսիանի նախկին համայնքապետ  Սարգսյանն ազատ է արձակվել գրավի դիմաց

PanARMENIAN.Net - Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը, գրում է «Փաստինֆոն»։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, գործը դատաքննության նախապատրաստելիս քննարկել է Արթուր Սարգսյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը և բավարարել այն՝ գրավի չափ սահմանելով 20 մլն դրամ։

Գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել։

Միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ վաղեմության ժամկետները մոտենում են ավարտին, իսկ այդ ծավալի գործի քննությունը չի կարող երեք ամսում ավարտվել, հետևաբար, Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին համահունչ, Արթուր Սարգսյանը պետք է ազատ արձակվի։

Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մասի (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---