ՄԻՊ․ Գեղարքունիք ներխուժած ադրբեջանցիների ակտիվությունը շեշտակի մեծացել է, ապաստարաններ են կառուցել

ՄԻՊ․ Գեղարքունիք ներխուժած ադրբեջանցիների ակտիվությունը շեշտակի մեծացել է, ապաստարաններ են կառուցել

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել իրենց դիրքեր տանող ճանապարհները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշել է, որ ադրբեջանցիների ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։

«Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ:

Խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական անօրինական տեղակայման ու հանցավոր արարքների մասին է: Նրանք ֆիզիկապես ներկա են հենց այն հողատարածքներում, որոնք պատկանում են ՀՀ քաղաքացիներին՝ օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներով»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ սրանք ադրբեջանական այն դիրքերն են, որտեղից ադրբեջանական զինծառայողները ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարում են ահաբեկչական հանցավոր արարքներ. պարբերաբար կրակում են Գեղարքունիքի Վերին Շորժա, Սոթք, Կութ և մյուս գյուղերի ու մասնավորապես՝ քաղաքացիական տների վրա, զանգվածաբար հրդեհում քաղաքացիական բնակիչների արոտավայրերն ու խոտհարքները: Այս դիրքերի ծառայողներն են կատարել ՀՀ բնակիչների կենդանիների մեծաքանակ գողություններ:

Նշելով, որ Ադրբեջանի ԶՈւ ներկայությունը ՀՀ գյուղերի հարևանությամբ ու այն էլ ՀՀ ինքնիշխան տարածքում բացահայտ հանցավոր բնույթ է կրում, ՄԻՊ-ը կրկին ընդգծել է, որ պետք է անհապաղ սկսվի ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանցիներին ՀՀ գյուղերի հարևանությունից անհապաղ հեռացնելու գործընթաց:

Նշվում է, որ ՄԻՊ այս առաջարկը տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում:

Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան հաղորդումներ է ուղարկելու նաև միջազգային կառույցներին ու ՀՀ պետական մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---