Թանգարան, որտեղ կարելի է ապրել. «Գրանդ Հոթել Երևանում» բացվել է «Ազնավուր» նախագահական համարը

Թանգարան, որտեղ կարելի է ապրել. «Գրանդ Հոթել Երևանում» բացվել է «Ազնավուր» նախագահական համարը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին «Գրանդ Հոթել Երևան» բարձրակարգ հյուրանոցում տեղի ունեցավ «Ազնավուր» նախագահական համարի պաշտոնական բացումը: Նախագիծն իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի հետ գործակցությամբ, ինչի արդյունքում «Գրանդ Հոթելը» համալրեց հիմնադրամի աջակիցների շարքը։

Մեծանուն արտիստ, բարերար և դիվանագետ Շառլ Ազնավուրի անունը կրող սենյակի համար վերափոխվել է նախագահական կարգի համարվող սենյակը։ Հյուրանոցի այցելուներն այժմ հնարավորություն ունեն ոչ միայն վայելելու բարձրակարգ հանգիստը, այլև թերթելու Ազնավուրի գրքերը, հին վինիլային նվագարկիչով վայելել նրա երաժշտությունը և նույնիսկ ծանոթանալ մի խորհրդանշական անձնական իրի հետ, որը ցուցադրված է այդ սենյակում։ Բացի այդ, սենյակի պատերը զարդարում են արտիստի ունիկալ լուսանկարները, ինչն էլ ավելի է մեծացնում նրա ներկայության զգացումը:

«Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի տնօրեն Նիկոլա Մանդոլլինին՝ խոսելով «Ազնավուր» նախագահական համարի մասին, նշեց, որ սենյակի վերափոխման համար օգտագործվել են մաեստրոյին պատկանող մի շարք իրեր:

«Դրանց թվում է այն անձեռոցիկը, որն Ազնավուրը նետել էր մարդկանց ուղղությամբ հայտնի La Bohème երգը կատարելուց հետո: Սա պարզապես սենյակ չէ, սա թանգարան է, որտեղ կարելի է ապրել», - ընգծեց հյուրանոցի տնօրենը:

Նա հավելեց, որ Հայաստան իր այցերի ընթացքում մեծ արտիստը նախընտրում էր իր երևանյան հանգիստն անցկացնել հենց «Գրանդ Հոթել» հյուրանոցում՝ այդ սենյակում, որի պատուհանները դուրս են գալիս Ազնավուրի անվան հրապարակ:

«Պատշգամբում մաեստրոն սիրում էր նախաճաշել և ճաշել, վայելել ժամանակը: Այս սենյակում նա ստեղծագորում էր, գրում երգեր, աշխատում, և հենց այս ամենն է, որ բացառիկ է դարձնում այն», - նշեց Մանդոլլինին:

«Ազնավուր» նախագահական համարի պաշտոնական բացումը տեղի ունեցավ «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի Ձմեռային այգում, ներկա էին բազմաթիվ հայտնի հյուրեր, այդ թվում՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը: Հյուրերը հնարավորություն ունեին տեսնելու սենյակը, ծանոթանալու դրա հարդարանքին, զգալու մեծանուն երաժշտի շունչը՝ վայելելով նրա երգերը:

«Երևան» հյուրանոցը կառուցվել է 1926-1928թթ. Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով: Բացման օրվանից «Երևան» հյուրանոցը հյուրընկալել է Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերի, հայտնի արվեստագետների և արտիստների: 1920-30-ական թվականներին հյուրանոցում ապրել և ստեղծագործել են հայ մշակույթի, գիտության ամենանշանավոր ներկայացուցիչներ Եղիշե Չարենցը, Երվանդ Քոչարը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Ավետիք Իսահակյանը, Վահրամ Փափազյանը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Փանոս Թերլեմեզյանը, Վիկտոր Համբարձումյանը, Ալիխանյան եղբայրները և այլք:

Այս անվանի հայ գործիչների անունները հյուրանոցի ներսում հավերժացնելու համար «Գրանդ Հոթել Երևանը» նախաձեռնեց իր սենյակներն անվանակոչելու խորհրդանշական նախագիծը, որի արդյունքում 2016 թվականից սկսած հյուրանոցում գործում են Եղիշե Չարենցի և Երվանդ Քոչարի անունով կոչված բարձր դասի լյուքս համարները: Այժմ այդ անվանական սենյակների շարքը համալրեց նաև «Ազնավուր» նախագահական համարը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը
Պետրոսյանն օգտագործել է Տերյանի ու Զարյանի բանաստեղծությունները
2020-ին մրցույթին պետք է մասնակցեր 13-ամյա Մալենան
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
---