Փաշինյան․ Հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեն սրընթաց փոխվող աշխարհի պահանջներին

Փաշինյան․ Հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեն սրընթաց փոխվող աշխարհի պահանջներին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անունից Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում նշել է, որ աշխարհը սրընթաց կերպով փոխվում է, և հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեն այդ փոփոխությունների արդյունքում ծնված պահանջներին:

Փաշինյանը նշել է նաև, որ Ռուսաստանը ոչ միայն առանցքային դերակատարում ունի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում, այլ նաև կենտրոնական տեղ և դեր ՀՀ տնտեսության մեջ:

«Մեզ անհրաժեշտ է կատարելագործել մեր տնտեսական հարաբերություններն այնպես, որ դրանք նպաստեն մեր երկրներում մրցունակ տնտեսությունների զարգացմանը: Ասվածի համատեքստում կարևոր ենք համարում մեր տնտեսությունների հետագա մերձեցումն ու փոխադարձ ինտեգրումը, որը պետք է հիմնված լինի ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի վրա: Եվրասիական տնտեսական միությունը իր հերթին ծառայում է այդ ռազմավարական նպատակին և մենք շահագրգռված ենք ամրապնդել այդ կառույցը և կատարելագործել նրա ինստիտուտները: Ակնհայտ է նաև մեր տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի հրամայականը»,-ասվում է ուղերձում։

Նշվել է նաև, որ Ռուսաստանը նաև առաջատար է Հայաստանում կատարվող ներդրումների առումով և բացառիկ դերակատարում ունի ՀՀ ենթակառույցների զարգացման գործում: «Վերջերս կատարված ներդրումներից հարկ է մասնավորապես առանձնացնել համավարակի դեմ պայքարի պայմաններում մեր երկրի համար հատկապես կարևոր «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի թողարկման նպատակով տեխնոլոգիական տրանսֆերի իրականացումը:

Մեր երկու երկրների միջև առկա տնտեսական համագործակցության մակարդակը համապատասխանում է դաշնակցային հարաբերությունների բնույթից բխող պահանջներին, սակայն դա բնավ չի ենթադրում ստատիկ իրավիճակի ամրագրում, հակառակը՝ պահանջում է մշտական աշխատանք, զարգացում և կատարելագործում: Ի լրումն ավանդական ոլորտների, հարկ է գտնել ճանապարհներ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների և տնտեսության գիտելիքահեն ոլորտներում համագործակցությունն առավել զարգացնելու համար: Համոզված եմ, որ այսօրվա միջոցառումն այն գործիքներից է, որը լավագույնս ծառայում է վերոնշյալ նպատակների իրագործմանը»,-ասվում է ուղերձում:

Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը: 2019-ին երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցել է 2 մլրդ դոլարի շեմը, իսկ 2021-ին արդեն արձանագրվել է առևտրաշրջանառության երկնիշ աճ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---