24 մարտի 2009 - 16:42 AMT
ՀԱԿ-ում ընկալումով են մոտեցել «Ժառանգության» որոշմանը
«Մենք շատ ենք ցավում, որ ոչ միայն չստացվեց կազմել «ժառանգություն» կուսակցության հետ համատեղ ցուցակ, այլեւ որ «ժառանգություն» կուսակցությունը հրաժարվեց մասնակցել Երեւանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայ ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Նրա խոսքով, ՀԱԿ-ում ընկալումով են մոտեցել «Ժառանգության» որոշմանը:

Ինչպես նշել է Մուսինյանը, ճիշտ չի լինի բացատրել, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկել ՀԱԿ եւ «Ժառանգությունը» համագործակցության հաստատման համար: «Բոլոր բանակցություններն էլ ենթադրում են որոշակի գաղտնիություն, եւ ես չեմ կարող հրապարակել որեւէ փաստեր»,- հայտնել է նա:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է ընդունել քաղաքապետի ընտրություններին չմասնակցելու մասին, քանի որ չկարողացավ համաձայնության գալ ՀԱԿ-ի հետ: «Ցածր քաղաքական մշակույթի պայմաններում ընդդիմության մասնակցությունը երկու առանձին բլոկերով կհանգեցնի բախման, որից կտուժի ինչպես ընդդիմությունը, այնպես էլ ինքը` ժողովուրդը»,- ասվում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ: