1000 խոշոր հարկ վճարողները 2021թ. ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ հարկ են վճարել

1000 խոշոր հարկ վճարողները 2021թ. ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ հարկ են վճարել

PanARMENIAN.Net - Հրապարակվել է 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 733 մլրդ 143 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 138 մլրդ 98 մլն դրամ։

2021–ի երրորդ եռամսյակի տվյալներով խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան», երկրորդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, երրորդը` պաշտպանության նախարարությունը, որին հաջորդում են «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, «Մասիս Տոբակը»։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքում։

Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

Հաշվի առնելով, որ հարկ վճարողների կողմից վճարվող հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է նաև օտարերկրյա ներդրողներին և ներդրումային կազմակերպություններին, իսկ պետական և համայնքային կառավարչական հիմնարկների կողմից վճարվող հարկերը ուղղակիորեն չեն բնութագրում նրանց գործունեության արդյունքները, այլ հանդիսանում են պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունք, ուստի ՊԵԿ-ը հանդես է եկել առաջարկությամբ` առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում չներառել ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

ՀՀ կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո ՊԵԿ-ի պաշտոնական կայքում կտեղադրվեն համապատասխան ժամանակահատվածների համար` հարկ վճարողների վճարումների վերաբերյալ ցանկերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---