22 հոկտեմբերի 2021 - 16:00 AMT
Թաթոյանը դիմել է ՍԴ` ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակման հարցով

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով։ Դիմումով, մասնավորապես, վիճարկվում են Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները: Այդ մասին Թաթոյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Խոսքը վերաբերում է օրենսդրական բացի, ինչպես նաև իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումների հետևանքով լրագրողների գործունեության սահմանափակումներին ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների ներքո սահմանելու իրավաչափությանը։

Նշվում է նաև, որ Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությանն առնչվող հարցերն ԱԺ կանոնակարգում ունեն անորոշ կարգավորում: Սահմանված չեն առանձին, իրավական կոնկրետ կարգավորումներ, որոնցով կամ որոնց հիման վրա կամրագրվեն Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում հավատարմագրված լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները։

Նշվում է, որ հավատարմագրված լրագրողների նկատմամբ գործնականում կիրառվող հետևանքները, պատասխանատվության միջոցները չունեն իրավական հիմք, չեն ստացել օրենսդրական մակարդակով ամրագրում, ինչպես նաև կանխատեսելի չեն հենց իրենց լրագրողների համար:

Դիմումում մանրամասն վերլուծված է նաև անվտանգության աշխատակիցների վերաբերմունքը, նրանց գործողությունները լրագրողների նկատմամբ (առանց հիմնավորումների լրագրողական նյութերը ջնջելու պահանջներ, հավատարմագրումից զրկելու սպառնալիքի դեպքեր և այլն):

«ԱԺ-ում հավատարմագրված լրագրողի աշխատանքը պետք է կանոնակարգվի ոչ թե հանցավորության դեմ պայքարի կամ այդ իմաստով ԱԺ անվտանգության ապահովման, այլ կոնկրետ մարմնի բնականոն գործունեության տեսանկյունից՝ մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքով և առանց լրագրողի աշխատանքի խոչընդոտների:

Մարդու իրավունքների պաշտպանի համար Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:

Այս ամենին էլ գումարվում է այն, որ լրագրողներն իրենք պատշաճ իրազեկված չեն իրենց իրավունքների, մասնագիտական գործունեության սահմանափակումների վերաբերյալ»,-ասվում է գրառման մեջ։

Նշված դիմումով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, 54-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 42-րդ, 51-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին: