22 հոկտեմբերի 2021 - 18:33 AMT
ԱԺ հանձնաժողովը կքննի, թե ինչպես են ծախսվել «Հայաստան» հիմնադրամի միջոցները

Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել, որը կուսումնասիրի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը։

Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2021թ. հոկտեմբեր 26-ին սկսվող հերթական նիստերում»,-նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

2020թ․ նոյեմբերի վերջի դրությամբ «Հայաստան» Համահայկական հիմնադրամը պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար կարիքների համար հավաքագրել էր $170.6 մլն։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Հիմնադրամից Կառավարությանը միջոցներ են փոխանցվել։ Փոխվարչապետի հայտարարությունից հետո համացանցում դժգոհություններ էին հնչել ու կասկածներ հայտնվել՝ ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսման վերաբերյալ։Ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՀՀ միջև կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա որպես նվիրաբերություն պետությանը փոխանցվել է 52,7 մլրդ դրամ՝ ռազմական դրությամբ պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով: