22 հոկտեմբերի 2021 - 19:00 AMT
Հայ-վրացական կրթական համագործակցության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել: Ստորագրող կողմերն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ Եկատերինե Դգեբուաձեն:

Համաձայն ՀՀ վարչապետի որոշման՝ կրթության ոլորտում հայ-վրացական համագործակցության աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, մեկնել է Թբիլիսի։

Ըստ հուշագրի՝ համագործակցությունը կընդլայնվի մի քանի ուղղությամբ. կողմերը կնպաստեն երկու երկրների ուսուցիչների վերապատրաստման և գնահատման համակարգերի կատարելագործման նպատակով փորձի փոխանակմանը, ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գնահատման և թեստավորման կենտրոնն աջակցություն կցուցաբերի 100 հարցերից բաղկացած առաջադրանքների բանկի մշակմանը՝ նախատեսված Վրաստանի դպրոցներում աշխատող հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական որակավորման քննության համար:

Կողմերը քննարկել են դպրոցական սննդի ապահովման գործընթացում փորձի փոխանակմանը, ինչպես նաև Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի գործունեությանն առչնվող հարցեր, կրթական բարեփոխումների առանձնահատկությունները և այլն:

Այցի շրջանակում հայկական պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի թիվ 103 դպրոց, որտեղ գործում են հայկական դասարաններ:

Հայկական պատվիրակությունը հանդես է եկել կրթական ոլորտին վերաբերող մի շարք զեկույցներով, մասնավորապես՝ «Պետական հանրակրթական ծրագրերի արդիականացում` միջազգայնորեն ընդունված չափանիշներին` STEM կրթություն», «Միջին դպրոցի ուսուցիչների մասնագիտական զարգացում. դասավանդման և ատեստավորման նոր մոտեցումներ», «Հեռավար ուսուցում և ՏՏ կիրառումը դպրոցներում», «Դպրոցական սննդի ծրագրի իրականացումը», «Ուսուցիչների վերապատրաստման համատեղ ծրագրի իրականացում, դպրոցներում հայերենի և վրացերենի ուսուցում», «Համատեղ կրթամշակութային արտադպրոցական ծրագրերի իրականացում», «Միջպետական համագործակցության շրջանակում տրամադրվող կրթաթոշակներ» և այլն: