Թորոսյանը հորդորում է պատվաստել նաև 12-ից բարձր տարիքի երեխաներին

Թորոսյանը հորդորում է պատվաստել նաև 12-ից բարձր տարիքի երեխաներին

PanARMENIAN.Net - Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը «Ազատության» ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ հորդորել է կորոնավիրուսի դեմ պատվաստել նաև երեխաներին։

Նա ասել է, որ Moderna-ն հաստատված է նաև 12+ տարեկանների համար:

«Ես աղջկաս էլ կպատվաստեմ, կոչ եմ անում նախարարությանը՝ թույլ տալ, որ այդ խումբը նույնպես պատվաստվի»,-ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ չենք կարող թույլ տալ մահվան այսպիսի մեծ թվեր մի հիվանդությունից, որը հնարավոր է կանխարգելել ու կա այդ միջոցը։

Խոսելով այն մարդկանց մտավախությունների մասին, որոնք ծանր կամ քրոնիկ հիվանդություններ ունեն՝ Թորոսյանն ասել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը ոչ թե կվնասի, այլ կպաշտպանի այդ հիվանդներին։ Խոսքը շաքարային դիաբետ, սրտային անբավարարություն, քաղցկեղ, բարձր ճնշում և քրոնիկ այլ հիվանդություններ ունեցողների մասին է։

Անդրադառնալով հարցին, որ երբեմն պատվաստումներին դեմ եմ արտահայտվում նաև որոշ բժիշկներ և բուժաշխատողներ՝ Թորոսյանն ասել է․ «Դժբախտաբար պատվաստումների հակաքարոզով զբաղվող բժիշկներին օրենսդրությունը թույլ չի տալիս զրկել գործունեության իրավունքից, հուսով եմ` կգանք դրան ու պետք է գանք, դա կառավարության ծրագրում կա»։

Անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի դեպքերին՝ Թորոսյանը նշել է, որ մահացության թվերը մեծ են, և Հայաստանը գտնվում է աշխարհում վատագույն 8-րդ տեղում։ Հայաստանում այժմ ամբողջական պատվաստվածությունը մոտ 7 տոկոս է կազմում։

Հոկտեմբերի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2146 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 291,052-ի: Մահվան 47 դեպք է գրանցվել, 42-ը՝ կորոնավիրուսից և մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---