Դիլիջանում սկսվում է «Մտքերի գագաթնաժողովը»

Դիլիջանում սկսվում է «Մտքերի գագաթնաժողովը»

PanARMENIAN.Net - Դիլիջանում, արդեն երրորդ անգամ, մեկնարկում է միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds»):

Հոկտեմբերի 23-24-ը Հայաստանը երրորդ անգամ կհյուրընկալի «Մտքերի գագաթնաժողովը»։ Այն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գլխավոր գործընկերներն են The Monthly Barometer հեղինակավոր վերլուծական հանդեսը և ՀՀ կենտրոնական բանկը:

Գագաթնաժողովն այս տարի կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը: Այն կմեկնարկի նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի երկխոսությամբ:

Հաշվի առնելով համավարակի հետ կապված իրավիճակն աշխարհում՝ մասնակիցների մի մասը գագաթնաժողովի աշխատանքներին կմասնակցի առցանց:

«Մտքերի գագաթնաժողովը» համախմբում է քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի դեմքերի աշխարհի տարբեր երկրներից: Այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման յուրատեսակ հարթակ է, որի հիմնական նպատակն է համաշխարհային առումով կարևոր հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը:

Լիագումար նիստերի քննարկումները վերաբերելու են երկու հիմնական թեմաների՝ աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին և տեխնոլոգիաների, մասնավորապես, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների զարգացմանը 21-րդ դարում:

Գագաթնաժողովի շրջանակում կներկայացվի նաև գալիք տարի Հայաստանում անցկացվելիք գիտության և արվեստի STARMUS 6-րդ փառատոնի ծրագիրը:

Այս տարվա գագաթնաժողովի մասնակիցների շարքում են երկրների նախկին ղեկավարներ, միջազգային հեղինակավոր փորձագիտական և վերլուծական կենտրոնների, միջազգային կազմակերպությունների, տեխնոլոգիական ոլորտի հայտնի ընկերությունների ղեկավարներ, աշխարհի հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներ, այդ թվում՝ Արգենտինայի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Կալմի Ռեյը, Ռուսաստանի «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Yandex-ի փոխտնօրեն Տիգրան Խուդավերդյանը, լեգենդար մարզիկ Ռոջեր Գրեյսին և այլք:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---