Փաշինյան․ Ապագան կառավարելի կլինի այնքանով, որքանով կկարողանանք մոդելավորել աշխարհաքաղաքականությունը մեր տարածաշրջանում

Փաշինյան․ Ապագան կառավարելի կլինի այնքանով, որքանով կկարողանանք մոդելավորել աշխարհաքաղաքականությունը մեր տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մեկնարկած «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացմանն իր ելույթում ասել է, որ ապագան կառավարելի և տեսանելի կլինի այնքանով, որքանով մենք կկարողանանք մոդելավորել այն աշխարհաքաղաքականությունը, որ տեղի է ունենում մեր տարածաշրջանում՝ ավելի նեղ, ավելի լայն և ընդհանրապես գլոբալ առումով։

Նա ասել է, որ այսօր թերևս ամենահրատապ հարցը, որ պիտի քննարկվի «Մտքերի գագաթնաժողովի» ընթացքում, հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է՝ ինչպես և ինչու են գործընթացները տեղի ունենում։

«Եթե անդրադառնանք աշխարհաքաղաքականությանը, պիտի արձանագրենք, որ աշխարհաքաղաքականությունն ինքն էլ որոշակի մոդելավորման կարող է տրվել, որովհետև այն շատ նման է մակընթացությունների և տեղատվությունների, որոնք անընդհատ և պարբերաբար տեղի են ունենում։ Չմոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում՝ ինչը ինչի համար և ինչ պատճառով է տեղի ունենում, իսկ մոդելավորված աշխարհում այդ ամենն արդեն դառնում է կանխատեսելի։

․․․Շատ կարևոր է, որ միտքն այս ուղղությամբ գեներացվի, հարցեր ձևակերպի և պատասխաններ տա։ Հատկապես առաջիկա և ընթացիկ ժամանակաշրջանում կան հարցեր, որոնք առանցքային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի համար, և որոնց պատասխանը շատ կարևոր է հենց առանձնահատուկ ապագայի տեսանկյունից»,-ասել է վարչապետը։

Միջոցառումն անցկացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գլխավոր գործընկերներն են The Monthly Barometer վերլուծական հանդեսը և ՀՀ կենտրոնական բանկը: Այս տարի այն կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը:

«Մտքերի հայկական գագաթնաժողովի» այս տարվա քննարկումները վերաբերելու են աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին և արհեստական բանականության զարգացմանը: Մասնակիցների շարքում են երկրների նախկին ղեկավարներ, միջազգային հեղինակավոր փորձագիտական և վերլուծական կենտրոնների, կազմակերպությունների, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներ, այդ թվում՝ Արգենտինայի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Կալմի Ռեյը, Ռուսաստանի «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ, Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Yandex-ի փոխտնօրեն Տիգրան Խուդավերդյանը, լեգենդար մարզիկ Ռոջեր Գրեյսին և այլք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---