Երևանում կկանգնեցվի Ալբերտ Ազարյանի արձանը

Երևանում կկանգնեցվի Ալբերտ Ազարյանի արձանը

PanARMENIAN.Net - Երևանում կկանգնեցվի 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչված, Օլիմպիական խաղերի եռակի և աշխարհի բազմակի չեմպիոն, Երևանի պատվավոր քաղաքացի Ալբերտ Ազարյանի արձանը։ Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու հոկտեմբերի 26-ի նիստում։

Միջնորդությունը ներկայացրել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

Արձանը կկանգնեցվի Մոսկովյան 3 հասցեում, Երևանի քաղաքապետարանի «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարածքում։

Նշվում է, որ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն` օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։

1954 թվականին Ալբերտ Ազարյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնության մրցումներին և դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։ 1955-ին Արևելյան Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի առաջնության մրցումներին և նվաճել երկու մեդալ՝ օղակներից և զուգափայտից:

1956-ին Ազարյանն Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։ 1960-ին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։

1963 թվականին Ազարյանը մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ օղակներից ու պտտաձողից և դարձել բացարձակ չեմպիոն։

Ազարյանը մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալ: ԽՍՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման, որից 9-ը՝ օղակների համարով:

1964-2000թթ. եղել է օլիմպիական խաղերի պատվավոր հյուր: Նրան շնորհվել են ԽՍՀՄ վաստակավոր վարպետի, միջազգային վարպետի, միջազգային կարգի մրցավարի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պատվավոր պրոֆեսորի կոչումներ: 2000թ. ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ: Հանդիսանում է ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---