Զուրաբյան․ Նիկոլականներին դավաճան անվանելու համար պատգամավորին բռնի ուժով ԱԺ ամբիոնից հեռացնելը զզվանք է առաջացնում

Զուրաբյան․ Նիկոլականներին դավաճան անվանելու համար պատգամավորին բռնի ուժով ԱԺ ամբիոնից հեռացնելը զզվանք է առաջացնում

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱԺ-ում Գեղամ Մանուկյանին հեռացնելու հետ կապված միջադեպին, գրել է, որ «նիկոլականներին դավաճան անվանելու համար պատգամավորին բռնի ուժով ԱԺ ամբիոնից հեռացնելը զզվանք է առաջացնում»։

«Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար»: Այսպես է գրված Սահմանադրության 96 հոդվածում: Սա սահմանադրական նորմ է, որը սահմանում է հատուկ ազատություն` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի համար: Սա ազատ խոսքի և ֆունկցիոնալ պառլամենտարիզմի գլխավոր երաշխիքներից մեկն է ցանկացած ժողովրդավարական երկրում:

Դաշնակցությունը, Գեղամ Մանուկյանը և, ընդհանրապես, ոչմիթիզականությունը (այդ թվում ընդամենը մեկ տարի առաջ նրա նվիրյալ ռահվիրա Նիկոլ Փաշինյանը) ուղղակի պատասխանատվություն են կրում վերջին պատերազմի և Հայաստանի նվաստացուցիչ պարտության հետևանքների համար: Սակայն, այն տեսարանը, երբ նիկոլականներին դավաճան անվանելու համար պատգամավորին բռնի ուժով հեռացնում են Ազգային Ժողովի ամբիոնից, զզվանք է առաջացնում և ցույց տալիս, որ ներկա իշխանությունները թքած ունեն ժողովրդավարական ազատությունների և դրանք ամրապնդող սահմանադրության վրա:

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հնարեցին պատգամավորների «ականջները քաշելու մասին» օրենքը և փորձեցին այլ պատգամավորների ձեռքերով խափանել ընդդիմության ելույթները, Սերժ Սարգսյանի օրոք ամեն տեսակի «դաղալություններով» մերժում էին վարման կարգի վերաբերյալ ելույթների հայտերը կամ մանր խորամանկությամբ ժամանակից շուտ անջատում խոսափողը: Բայց վարողի որոշմամբ բռնի ուժով արգելել ոչ հայհոյական կարծիք հայտնելը, եթե հնչեցրած բառապաշարը դուր չի գալիս իշխանությանը, նման բան երբեք չի եղել և իսկապես «աննախադեպ» է»,-ասվում է գրառման մեջ:

Ըստ Զուրաբյանի՝ «սրանք պատրաստ են իրենց պողպատե «ժողովրդավարական մուրճով» ժողովրդավարության հերը անիծել»:

«Ուրիշ ճանապարհ էլ չունեն. այլապես հնարավոր չէ կանգնեցնել իրենց խայտառակ կառավարմամբ մեր գլխին բերած ազգային աղետի հետևանքով աճող դժգոհությունը:

Մի բան պարզ է. վախը դարձել է այս իշխանության գլխավոր հոգեվիճակը: Դա որևէ լավ բան չի խոստանում ո´չ նրանց, և ո´չ էլ Հայաստանին»,-ասվում է գրառման մեջ:

ԱԺ հոկտեմբերի 26-ի նիստում «Հայաստան » խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, թե սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախն ուրացողը դավաճան է: ԱԺ նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը անվտանգության աշխատողներին կոչ արեց Գեղամ Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից։ Մանուկյանին քարշ տալով հեռացրեցին նիստերի դահլիճից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---