Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից 22 տարի է անցել

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից 22 տարի է անցել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո 22 տարի է անցել։ Ազգային ժողովի նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:

1999-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավոր Արմեն Արմենակյանը և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատգամավոր Միքայել Քոթանյանը: Բացի 8 զոհից, ևս 8 հոգի վիրավորվել էր։

Զինված խումբն ԱԺ նիստերի դահլիճ է ներխուժել հերթական նստաշրջանի ժամանակ՝ կառավարությանը հարց ու պատասխանի ժամին։ Զինված խմբին պատանդ էին մնացել ողջ մնացած մյուս պատգամավորներն ու նիստը լուսաբանող լրագրողները: Նրանք ազատ արձակվեցին հոկտեմբերի լույս 28-ի գիշերը՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։

Հանցագործներն էին` նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, որը որոշ ժամանակ աշխատել էր Հայաստանի հեռուստատեսությունում, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, և նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև հայացքները կիսող ընկերները` Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Էդիկ Գրիգորյանը, Համլետ Ստեփանյանը:

«Ազգի փրկիչները» մտադրվել էին պատանդ վերցված պատգամավորներին ստիպել ինքնաբացարկ հայտարարել և անցկացնել համազգային ժողովրդավարական ընտրություններ: Մինչ ընտրությունները երկիրը պատրաստվում էր ղեկավարել հենց ինքը` Հունանյանը, որն իրեն հայտարարելու էր երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Սակայան, Հունանյանը ստիպված էր համակերպվել, որ «հեղափոխությանն աջակցելու» հայրենակիցներին ուղղված իր կոչն անպատասխան մնաց:

Հանցագործներից 6-ը դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ մեկը՝ Համլետ Ստեփանյանը, 14 տարվա։ Ցմահ դատապարտվածներից Վռամ Գալստյանը 2004-ին ինքնասպան եղավ: Այժմ նրանցից ողջ են չորսը՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը (խելագարվել է), Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը։

2019-ին «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմեց վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Նրա դիմումը մերժվեց։

 Ուշագրավ
«Միայն «իր հաշվին» ձևակերպումն է ճանաչվեց հակասահմանադրական»,-ասվում է ԱՆ հայտարարության մեջ
Ավիաընկերությունը կապահովի դեկտեմբերի 17-19-ը նախատեսված չվերթերի բոլոր ուղևորների տեղափոխումը
«Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ»,-գրել է նա
Նա տեղեկացրել է նաև, որ կորոնավիրուսի հետևանքով հոսպիտալացված 2009 քաղաքացիներից 102-ն են պատվաստված
---