Նախարար․ Կովիդով հոսպիտալացված 122 հղիից 53-ի մոտ թոքաբորբ կա

Նախարար․ Կովիդով հոսպիտալացված 122 հղիից 53-ի մոտ թոքաբորբ կա

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, գործադիրի նիստում ներկայացնելով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակը, հայտարարել է, որ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկում է 27 բուժկենտրոն, 3050 մահճակալ զբաղված է։

Նա հայտնել է, որ հոսպիտալացվածների թվում 122 հղի կա, որոնցից 53-ի մոտ թոքաբորբ է ախտորոշվել։ Նախարարը նշել է, որ «դելտա» շտամն ավելի ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ։

«Ծանր վիճակում է 1088 հիվանդ, ծայրահեղ ծանր՝ 307-ը, թոքային օդափոխության սարքերին միացված է 152 քաղաքացի»,-ասել է Ավանեսյանը։

Նախարարը կրկին կարևորել է կորոնավիրուսի դեմ պատվաստումները՝ նշելով, որ այն երկրներում, որտեղ պատվաստումների ցուցանիշը 70%-ից բարձր է, հոսպիտալացման ու մահացության ցուցանիշներն ավելի նվազ են աճում։

Նա նշել է, որ պոլիկլինիկաներում հերթապահություն է սահմանված նաև հանգստյան օրերին և շաբաթ ու կիրակի ևս կարելի է պատվաստվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լարված գնահատելով համաճարակային վիճակը, հայտարարել է՝ չի բացառում, որ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր դառնա։

Հոկտեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2307 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 302,450 -ի: Մահվան 49 դեպք է գրանցվել, 38-ը՝ կորոնավիրուսից և մահվան 11 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6189 դեպք կա, այլ պատճառով՝ 1280:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---