«Ավրորան» $50,000 է նվիրաբերել Սբ Ղազարում Մխիթարյան միաբանության գրադարանին

«Ավրորան» $50,000 է նվիրաբերել Սբ Ղազարում Մխիթարյան միաբանության գրադարանին

PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 50,000 դոլար դրամաշնորհ է հատկացրել Սուրբ Ղազարում Մխիթարյան միաբանության գրադարանին՝ ի հիշատակ «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանի, որը կյանքից հեռացավ 2021 թվականին:

Ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, գրող, մանկավարժ և մենթոր Վարդան Գրեգորյանը մի քանի տասնամյակ բացառիկ գործունեություն ծավալեց՝ հատելով գիտական և բարեգործական սահմանները: Գրադարաններն, ըստ Վարդան Գրեգորյանի, մարդկության ամբարված գիտելիքի տաճարներ են, և այս դրամաշնորհը հարգանքի տուրք է նրա թողած բացառիկ ժառանգությանը:

«Մենք ուրախ ենք Վարդան Գրեգորյանի հիշատակը նման իմաստալից կերպով հարգելու հնարավորության համար: Տարիներ շարունակ Վարդանը կենսական դերակատարում է ունեցել տարբեր նախագծերում և կազմակերպություններում, բայց «Ավրորան» միշտ յուրահատուկ է եղել նրա համար: Այսօր մենք շարունակում ենք մեր աշխատանքը նրա անունից՝ պահպանելով հայկական ժառանգությունը և առաջ մղելով մարդասիրական ջանքերը»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Վարդանը կրթության և լուսավորության ջերմեռանդ ջատագով էր ու նա ուրախ կլիներ «Ավրորայի» որոշման համար՝ աջակցելու այս նշանավոր գրադարանին: Նրա համար գրքերը «հույսի կայաններ» էին, իսկ այս նվերն ուղղված է նրան, որպեսզի վստահ լինենք, որ Սուրբ Ղազար կղզում պահվող հայկական մշակույթին և ժառանգությանը նվիրված հնագույն արձանագրությունները դարեր շարունակ կլինեն հույսի կայաններ հայերի համար»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Միաբանության համար պատիվ է ընդունել այս առատաձեռն նվերն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից, որն իր ջանքերն է ուղղում մարդասիրական հրատապ խնդիրների հաղթահարմանը և երկրորդ հնարավորություն տալիս ամենակարիքավորներին»,- ասել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը:

Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության գրադարանում տարբեր լեզուներով ավելի քան 150,000 հատոր է պահվում, այդ թվում՝ ձեռագրեր, հնագույն գրքեր, պատմական և գիտական աշխատություններ: Միաբանության հիմնադիր աբբահայր Մխիթարը և նրա գործընկերները միշտ իրենց առաքելությունն են համարել գրքերի հրատարակությունը, հավաքագրումն ու պահպանումը՝ հատկապես հայկական: Սուրբ Ղազարում՝ Մխիթարյան միաբանության ընդարձակ մատենադարանում, պատմական եզակի նմուշներ են պահվում, իսկ միաբանությունը շարունակում է մնալ հայագիտության առաջավոր կենտրոններից մեկը:

2021 թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումները տեղի ունեցան Իտալիայի Վենետիկ քաղաքում 2021 թ. հոկտեմբերի 8-10-ը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---