Երեւանում տեղի է ունեցել itel.am ինտերնետային նախագծի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի է ունեցել www.Itel.am (Advanced Armenia) ինտերնետային նախագծի շնորհանդեսը:«Այսօր մենք ներկայացնում ենք Itel.am-ը, որը ստեղծվել է որպես հարթակ` ՀՀ հեռահաղորդակցության, ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նորարարությունների լուսաբանման ու ինտերակտիվ քննարկման համար», -չորեքշաբթի օրը լրագրողներին հաղորդել է նախագծի ստեղծման նախաձեռնող «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը: Շնորհանդեսին մասնակցել են «Վիվասել-ՄՏՍ» եւ «ԱրմենՏել» կապի օպերատորների ներկայացուցիչները:



Շնորհանդեսի ընթացքում Արա Թադեւոսյանը ներկայացրել է կայքի հիմնական կառուցվածքը, որը բաղկացած է երեք բաժնից. «Մեդիամաքս»-ի նորություններն ու հարցազրույցները IT, հեռահաղորդակցության եւ ինտերնետի ոլորտների վերջին զարգացումների մասին, կապի եւ ինտերնետ պրովայդերների ծառայությունների համեմատական նկարագրություն, բլոգեր, որոնք հատուկ Itel.am-ի համար վարում են խոշոր ընկերությունների ղեկավարները:



«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, իր հերթին, ողջունել է Մեդիամաքս գործակալության նախաձեռնությունը: «Այդ կարգի կայքերի ստեղծումը հանրությանը կօգնի լինելու առավել իրազեկ կապի օպերատորների մասին վերջին նորությունների առնչությամբ», - ասել է նա: Ռալֆ Յիրիկյանը հատկապես ընդգծել է www.Itel.am կայքում ընկերությունների ղեկավարների բլոգերի առկայությունը` նշելով, որ այդ գործառույթը կնպաստի հանրության հետ անմիջական կապի ապահովմանը: «Ինչը թույլ կտա մեծացնել բնակչության վստահությունը եւ մեր գործունեությունը դարձնել ավելի բաց ու թափանցիկ»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:



«Այդ կարգի կայքի ստեղծումը կնպաստի «վերլուծաբանների ընկերակցության» ձեւավորմանը, որոնք ոչ միայն կկարողանան հետեւել օպերատորների ոլորտի նորություններին, այլեւ վերլուծել դրանք», -ավելացրել է «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բեղլոյանը: Նա նաեւ հույս է հայտնել, որ www.Itel.am կայքի գործարկումը կնպաստի որակյալ հայալեզու ինտերնետային ռեսուրսների առկայության հետ կապված խնդիրների լուծմանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---