25 մարտի 2009 - 15:37 AMT
«Ժառանգություն» կուսակցությունը ներողություն է խնդրում իր ընտրողներից
«Մեր խորը համոզմամբ առավել ճիշտ կլիներ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու խորհրդի ընտրություններին գնալ Հայ ազգային կոնգրեսի հետ համատեղ ցուցակով: Մենք միանգամայն պատասխանատու մոտեցում դրսեւորեցինք համատեղ ցուցակ կազմելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

Ըստ Խաչատրյանի, առաջիկա ընտրություններն ակնհայտորեն ցույց կտան, որ ընտրազանգվածի այն մասը, որը կարող էր իր ձայները տալ ընդդիմությանը, մի շարք պատճառներով չի քվեարկի Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին: «Ժառանգությունը» ափսոսում է, որ այդ ձայները կփոշիանան:

Իր հերթին «Ժառանգության» մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը հայտարարեց, որ կուսակցությունը կստանձնի հասարակական հսկիչի պարտականությունները եւ թույլ չի տա իրավախախտումներ կամ կեղծիքներ: «Մենք առավելագույն միջոցները կձեռնարկենք ապահովելու համար արդար ընտրություններ: «Ժառանգությունը» կշարունակի իր գործունեությունն ընտրությունների ժամանակ եւ ակտիվորեն կգործի ինչպես ընտրական հանձնաժողովներում, այնպես էլ հանձնաժողովներից դուրս»,-հայտարարել է նա:

Այն հարցին, թե կմասնակցի արդյոք «Ժառանգությունը» նախընտրական քարոզարշավին, մամլո քարտուղարը հայտարարել է, որ կուսակցությունը մտադիր չէ դա անել: «Թող նախընտրական արշավով զբաղվեն այն քաղաքական ուժերը, որոնք առաջադրել են իրենց թեկնածուներին»,-հայտարարել է նա:

Վարդան Խաչատրյանը եւս կուսակցության անունից ներողություն խնդրեց ընտրողներից, հայտարարելով, որ այդ ընտրություններից հետո «Ժառանգությունը» այլեւս ոչ մի բացառություն չի անի եւ անպայման կմասնակցի երկրում կայանալիք բոլոր ընտրություններին ու քաղաքական գործընթացներին: