5 նոյեմբերի 2021 - 10:58 AMT
Հրվ․ Կովկասում ԱՄՆ դեսպանները հավաքվել էին Երևանում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիթցենբերգերը Երևանում մասնակցել են հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին, որը տեղի է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։

Համաժողովին մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, Կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«2020-ին նոր կորոնավիրուսի պատճառով համաժողովը չկարողացանք անցկացնել, սակայն ուրախ ենք վերականգնել տարածաշրջանի և մայրաքաղաք Վաշինգտոնի մեր գործընկերների հետ հավաքվելու, մտքեր, գաղափարներ և տեղեկություններ փոխանակելու այս վաղեմի ավանդույթը։ Նախքան նոր կորոնավիրուսի համավարակը այսօրինակ համաժողովներ կազմակերպվել են Բաքվի և Թբիլիսիի ԱՄՆ դեսպանատներում՝ համապատասխանաբար 2019 և 2018թթ․։

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակին ընդառաջ՝ մենք ընդգծում ենք, որ հանձնառու ենք ամրապնդել մեր գործընկերային կապերը և աջակցել տարածաշրջանի ժողովուրդների առավել անվտանգ, կայուն և բարեկեցիկ ապագայի կերտմանը»,-ասվում է Երևանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Համաժողովի մասնակիցները, ներքին քննարկումներից զատ, հանդիպումներ են ունեցել նաև Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։