Մուրադյան․ ԵՊԲՀ-ում աշխատանքային խումբ կստեղծվի՝ ԶԼՄ-ներին մասնագիտական տեղեկատվություն տրամադրելու համար

Մուրադյան․ ԵՊԲՀ-ում աշխատանքային խումբ կստեղծվի՝ ԶԼՄ-ներին մասնագիտական տեղեկատվություն տրամադրելու համար

PanARMENIAN.Net - ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է զանգվածային լրատվական միջոցների բոլոր ղեկավարներին` առաջարկելով և խնդրելով միանալ Սպիտակ բանակին և «այս կորոնամիֆային տեղեկատվական տարափի միջից միասին դուրս բերելու միայն գիտական նյութեր և մատուցելու հանրությանը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի 8-ից ԵՊԲՀ-ում ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ ԶԼՄ-ներին մասնագիտական տեղեկատվություն տրամադրելու նպատակով։

«Հարգելի և սիրելի լրագրողներ, առնվազն 7 ամիս Հայաստանում սկսվել է պատվաստման գործընթացը, և մենք՝ բուժաշխատողներս, ցավոք, դեռ կարողացել ենք հասարակության 12%-ին բացատրել, որ ներկա պահին չունենք այլընտրանք՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը։

Ես գիտեմ, որ հասարակության վստահության կարևորագույն ու հզոր զենքերից մեկն այսօր ձեր ձեռքերում է, ուստի խնդրում եմ, եկեք մեր՝ բուժաշխատողների զենքերի հավաքածուում, ավելացնենք նաև ձեր զենքերը, որպեսզի կարողանանք կանխենք այս կորոնավիրուսային աղետը, որը մոլեգնում է աշխարհում ու ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում բնակվող 6582 մարդու կյանք է խլել․․․

12%-ի արդյունքն ինձ ապացուցեց, որ ձեր ունեցած զենքերի բացակայությունը կամ սխալ կիրառումը մեր՝ բժիշկներիս, զենքերի հավաքածուում, ամեն վայրկյան միայն բարդացնում է մեր պայքարն նենգ հիվանդության դեմ այս պատերազմում։

Գաղտնիք չէ, որ այսօր հասարակությանը մատուցելու ամենամեծ լծակները պատկանում է 4-րդ իշխանությանը։ Սոցիալական դաշտի ազատությունը յուրաքանչյուրին հասու է դարձել ու բոլորի առջև բացվել է անվերահսկելի հնարավորություն` աշխատելու բաց տվյալների հետ, հանրայնացնելու տվյալներ, որոնք կարիք ունեն ուսումնասիրության, մշակման, համադրման, վերլուծության և նոր միայն հանրայնացման:

Պատրաստ եմ, բժշկական համալսարանի գիտական ամբողջ ներուժը տրամադրել, որպեսզի միասին կարողանանք հասարակությանը մատուցել միայն հավաստի և փաստերի վրա հիմնված բժշկագիտական տեղեկատվություն։

Հավատացեք մեզ՝ բժիշկներիս, այս կորոնամիֆային տեղեկատվական հոսքերի շրջանում, ձեր՝ լրագրողների, գրագետ աշխատանքն օդ ու ջրի պես անհրաժեշտ է»,-ասվում է գրառման մեջ։

Մուրադյանը նշել է, որ ԵՊԲՀ-ում ստեղծվելիք աշխատանքային խումբն աշխատելու է օբյեկտիվ, արագ, փաստական ու կառուցողական։

«Երկուշաբթի կներկայացնենք մասնագետներին և նրանց կոնտակտային տվյալները, որոնք հասանելի կլինեն 7 օր՝ 24 ժամ»,-գրել է նա։

Հայաստանում նոյեմբերի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 316,839-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1835-ով: Մահվան ևս 56 դեպք է գրանցվել, 50-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6582 դեպք կա, այլ պատճառով՝ 1323։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---