Նոյեմբերի 8-ից ուս.գործընթացը դպրոցներում կվերսկսվի

Նոյեմբերի 8-ից ուս.գործընթացը դպրոցներում կվերսկսվի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ից ուսումնական գործընթացը դպրոցներում վերսկսվում է։ Այդ մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հորդորելով խստորեն պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները։

Անդրադառնալով ուսումնական գործընթացի հետագա կազմակերպման և դպրոցներում համապատասխան ջերմային ռեժիմի պահպանման հարցերին՝ փոխնախարարն ընդգծել է, որ գործընթացը կարգավորվում է սահմանված նորմատիվներով, գրում է Shantnews.am-ը։

«Դպրոցը պետք է ջեռուցել այն պահին, երբ համապատասխան ջերմային ֆոնը բնականորեն չի ապահովվում: Ես սա շեշտում եմ, քանի որ հաճախ ահազանգեր ենք ստանում, թե իբր նախարարությունը կամ լիազոր այլ մարմին՝ քաղաքապետարանը կամ մարզպետարանը, չի թույլատրում որևէ գործողություն կատարել համապատասխան ջերմային ռեժիմ ապահովելու համար: Դպրոցի տնօրենը պարտավոր է ապահովել այդ ջերմային ռեժիմը, որը ստուգելու համար պատասխանատու են համապատասխան տեսչական մարմինները և ոչ թե նախարարությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ կան դպրոցներ, հատկապես՝ գյուղական համայնքներում, որտեղ ջեռուցմանն առնչվող խնդիրները, սակայն, կապված են տվյալ բնակավայրի կամ համայնքի հետ:

«Եթե դպրոցում չկան համապատասխան ենթակառուցվածքներ, օրինակ՝ գազամատակարարում, հնարավոր է՝ այն բացակայում է նաև տվյալ համայնքում: Մենք հավաքագրել ենք նման բոլոր խնդիրները և դրանք վերլուծում ենք տեսչական մարմինների ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մեր գործընկերների հետ՝ փորձելով լուծումներ գտնել, օրինակ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգվել էին մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---