Հայաստանի Կենտրոնական բանկը թողարկել է «Երկվորյակներ» ոսկե հուշադրամը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է «Երկվորյակներ» ոսկե հուշադրամը: Ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու նշանները:



Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքեւ շրջանագծով հայերեն եւ անգլերեն անվանական արժեքի մակագրությունն է` «DRAM 10000 ԴՐԱՄ»: Զինանշանից վերեւ նշված է թողարկման տարեթիվը` «2009»:



Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Նշված շրջանագծի եւ եզրաշուրթի միջեւ առկա է երկրորդ գծավոր շրջանագիծը: Երկու շրջանագծերի միջեւ դաշտը բաժանված է տասներկու հավասար մասերի, որոնցում պատկերված են կենդանակերպի նշանների խորհրդանիշերը: Եզրաշուրթի մոտ վերեւում հայերեն, իսկ ներքեւում անգլերեն շրջանագծով մակագրված է համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»:



Հուշադրամի դարձերեսի կենտրոնում աստղային երկնքի ֆոնի վրա երկվորյակների պատկերն է: Ներքեւի աջ մասում պատկերված է երկվորյակների կենդանակերպի նշանի խորհրդանիշը: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի եւ եզրաշուրթի միջեւ վերեւում լատիներեն, իսկ ներքեւում ռուսերեն նշված է համաստեղության անվանումը:



Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Դարձերեսի դաշտի ձեւավորման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Ու. Վալեժակը: Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը. անվանական արժեքը` 10000 դրամ; մետաղը եւ հարգը` ոսկի, 900; զանգվածը` 8,6 գ; տրամագիծը` 22 մմ; որակը` լավացված; դրամաշուրթը` ատամնավոր; տպաքանակը` մինչեւ 10 000 հատ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---