Նախագիծ․ Վարկերը բացառապես անկանխիկ կտրամադրվեն

Նախագիծ․ Վարկերը բացառապես անկանխիկ կտրամադրվեն

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկման է ներկայացրել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Նախատեսվում է սահմանափակել կանխիկ գործարքները։ Գաղափարն այն է, որ տնտեսվարողն իրավունք չունենա մերժել հաճախորդի՝ անկանխիկ վճարում իրականացնելու պահանջը:

Նախագծով բացառվում են կանխիկով գործառնություններն իրավաբանական անձանց միջև, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավահարաբերությունների դեպքում մինչև 300,000 դրամ կանխիկով գործառնությունները թույլատրելի են: Այս շարքում բացառություններ կան. պետական կամ ՏԻՄ բյուջեներից կատարվող ցանկացած վճարում պետք է բացառապես անկանխիկ լինի:

Գրավատների կողմից տրամադրվող վարկերի պարագայում սահմանվել է 20,000 դրամի շեմ, բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկերն ու փոխառությունները ևս բացառապես անկանխիկ եղանակով պետք է տրամադրվեն:

Անկանխիկ պետք է լինեն նաև փաստաբանների և նոտարների մատուցած ծառայությունների դիմաց վճարումները, կրթական և բժշկական հաստատություններում կատարվող վճարումները:

Աբրահամյանը նշել է, որ կանխիկ գործառնությունները թե անվտանգության, թե ծախսի հասանելիության ու արագության առումով ավելի թանկ են:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացության:

Քննարկվել և հավանության է արժանացել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու մասին» հարցը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---