ՌԴ ԱԳՆ․ Ամեն կերպ նպաստելու ենք ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

ՌԴ ԱԳՆ․ Ամեն կերպ նպաստելու ենք ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել 2020թ․ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարության տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ դա թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և սկսել տարածաշրջանում անցումը խաղաղ կյանքին։ Նշվում է նաև, որ ՌԴ-ն ամեն կերպ նպաստելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

«Կարող ենք արձանագրել, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի hայտարարության մեջ ֆիքսված դրույթները հիմնականում կատարվում են։ Ընդ որում, կարևոր է, որ Բաքուն և Երևանը պահպանում են հավատարմությունը դրա հետագա իրագործմանը և բոլոր դրույթների կատարմանը։

Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ տեղակայված ռուս խաղաղապահների զորակազմը զգալի ավանդ ունի իրավիճակի կայունացման մեջ և տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում։ Դա գնահատում են նաև մեր ադրբեջանցի և հայ գործընկերները։

Ռուս խաղաղապահների աջակցությամբ 2020թ․ դեկտեմբերի 2-ից ընդհանուր առմամբ վերադարձվել է 122 ռազմագերի և պահվող անձ։ Հայաստան է վերադարձել 105-ը, Ադրբեջան՝ 17-ը։ Ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտերի քարտեզների 3 փաթեթ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ խաղաղապահներն ակտիվորեն մասնակցում են խաղաղ կյանքի հաստատմանը։ Տարածաշրջան է հասցվում հումանիտար օգնություն ականազերծվում են տարածքներ, իրենց տներ է վերադարձել մոտ 53,000 փախստական։

«Շարունակում ենք ջանքեր գործադրել մյուս մարդասիրական խնդիրների շուտափույթ լուծման նպատակով, այդ թվում՝ բոլոր պահվող անձանց ազատ արձակում, օժանդակություն անհետ կորածների ճակատագրերը պարզելուն, զոհվածների դիերի փոխանցում և ականապատ դաշտերի հավաստի քարտեզների տրամադրում ամբողջ ծավալով։ Հրատապ է նաև մշակութային, կրոնական և պատմական ժառանգության օբյեկտների պահպանության ապահովումը։ Մտադիր ենք գործընկերների հետ համատեղ հետևողականորեն իրականացնել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրները, որոնք ձևակերպված են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2021-ի հունվարի 11-ի հայտարարության մեջ։

Կարևորում ենք շահերի բալանսի վրա հիմնված կոնկրետ նախագծերի շուտափույթ գործարկումը, ինչը կնպաստի Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժի դրսևորմանը։

Կարևորում ենք ադրբեջանա-հայկական պետական սահմանին լարվածության նվազեցումը և սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը՝ հետագա սահմանագծմամբ։ Պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն», - ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով ջանքերի շարունակումը՝ առաջին հերթին տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում։ Ըստ հայտարարության, պահանջված է նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ պրոֆիլային միջազգային կազմակերպությունների աջակցությունը։

«Ամեն կերպ նպաստելու ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, սատարելու ենք խաղաղ նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովմանը, նպաստել երկու ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը։

«Պատրաստ ենք աջակցել երկխոսությանը ՀՀ և Ադրբեջանի հասարակությունների ներկայացուցիչների միջև՝ ՌԴ մասնակցույամբ, վստահության մթնոլորտ ձևավորելու համար ադրբեջանական և հայ ժողովրդների միջև։

«Հանդես ենք գալիս Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների ձևավորման, փոխշահավետ տարածաշրջանային համագործակցության զարգացման օգտին», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---