10 նոյեմբերի 2021 - 10:52 AMT
Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը

Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, հայտնում է ՀՅԴ գրասենյակը Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի վրա հղումով։

«Այսօր պատմական օր է Հայ Դատի համար։ Հայոց ցեղասպանության մասին օրինագծի առաջին ընթերցումն անցել է առանց առարկությունների»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հաջորդ ընթերցումը կկայանա 2022-ի մարտի 18-ին:

Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում կայացել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջին ընթերցումը։ Օրինագիծը ներկայացրել է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը: Նպատակն է պաշտոնական ճանաչման և հիշատակության միջոցով ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը:

Օրինագիծն ունի հիմնական երեք դրույթներ․ առաջին՝ Օսմանյան կայսրության և դրան հարակից տարածքներում 1915-1923թթ․ ընթացքում հայության ջարդերի պաշտոնական որակում՝ որպես ցեղասպանություն, երկրորդ՝ ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա ոգեկոչում, երրորդ՝ Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործությունների վերաբերյալ կրթության և հանրային տեղեկացվածության խթանում։

Ըստ ՀՅԴ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն այդ երկրի համար կարևոր է մի քանի պատճառով: Նախ՝ օրինագծի ընդունումը կհաստատի Մեծ Բրիտանիայի հավատարմությունը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիային և նրա հիմնական արժեքներին։ Երկրորդ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Մեծ Բրիտանիան կամրապնդի իր հավատարմությունը համամարդկային իրավունքների պաշտպանությանը, քանի որ նման մասշտաբի հանցագործությունը չճանաչված թողնելը անպատժելիության վտանգավոր ուղերձ է. անպատիժ հանցագործությունը խրախուսվող հանցագործություն է:

Երրորդ՝ Միացյալ Թագավորության, որպես համաշխարհային խաղացողի դերն ու պարտականությունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և առաջ մղել Ցեղասպանության ուսումնասիրությունը և մեծացնել մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հանրային տեղեկացվածությունը:

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը և ՄԹ հայ համայնքը կոչ էին արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ բրիտանական արժեքները պաշտպանելու և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։