10 նոյեմբերի 2021 - 11:50 AMT
Ադրբեջանցիները կրակել են Խաչիկ գյուղի տարածքում աշխատող տրակտորիստի վրա

Նոյեմբերի 9-ին ադրբեջանական դիրքերից կրակոցներ են արձակվել Վայոց ձորի Խաչիկ գյուղի տարածքում հողագործական աշխատանքներ կատարող տրակտորիստի ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Տրակտորիստը հրաշքով է փրկվել, նա չի վիրավորվել։ Կրակոցից վնասվել է միայն տրակտորը»,- ասել է գյուղապետը։

Նա նաև հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի ցերեկը։ Հակառակորդը, հավանաբար, կրակել է ինքնաձիգից։

Նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն: