10 նոյեմբերի 2021 - 12:39 AMT
Քասախ համայնքի ղեկավարը կալանավորվել է

Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է

Արա Մկրտչյանը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանի հայրն է։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ պարզվել են Քասախ համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:

Նշվում է, որ վերջինս, 1996-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2003թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նշված համայնքում գտնվող գերեզմանատներով ծանրաբեռնված 11,6 հա հողատարածքը նույն համայնքի բնակչին վարձակալությամբ տրամադրելու, ապա նաև վերջինիս օտարելու նպատակով, կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ տեղեկանք ու հողատարածքի ուրվագծային հատակագիծը, ըստ որոնց՝ վերոնշյալ հողատարածքը ներկայացվել է որպես գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի արոտավայր՝ թաքցնելով այդ հողատարածքում գերեզմանոցների առկայության հանգամանքը։

Այնուհետև Քասախի նույն բնակչի հետ կնքելով վարձակալության պայմանագիր՝ նշված հողատարածքը հանձնել է վերջինիս վարձակալությանը։ Գիտակցելով, որ գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքի օտարումը արգելվում է՝ Քասախ համայնքի ղեկավարը վերոնշյալ բնակչի հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով վարձակալությամբ տրված հիշյալ հողատարածքը 783,000 դրամով օտարել է վերջինիս՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 315.2 հոդվածով։

Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել է։ Դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: