10 նոյեմբերի 2021 - 13:45 AMT
ԱՀ ԱԺ կոչը ԵԱՀԿ ՄԽ-ին՝ դատապարտել Ադրբեջանի գործելաոճը, ուժային կառույցներին՝ դիմել կոշտ միջոցների

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են ընդունել՝ կոչ անելով ԵԱՀԿ Մինսկի խմբին դատապարտել Ադրբեջանի գործելաոճը, իսկ ՌԴ խաղաղապահ ուժերին, ԱՀ զինված ուժերին և ուժային այլ կառույցներին՝ դիմել կոշտ միջոցների։

«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից անցել է մեկ տարի, սակայն ցայսօր շարունակվում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը Արցախի ժողովրդի նկատմամբ՝ անտեսելով և արհամարհելով ՌԴ ուժերի խաղաղապահ առաքելությունը:

Խուճապային մթնոլորտ ստեղծելու և Արցախի Հանրապետությունը հայաթափելու նպատակով ադրբեջանական կողմը վերջին շրջանում սկսել է թիրախավորել բնակավայրերն ու քաղաքացիական անձանց։

Անպատժելիությունից ոգևորված՝ Ադրբեջանը նոյեմբերի 8-ին զինված ներթափանցում կատարելով, կրկին ահաբեկչություն իրականացրեց ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող Շուշի-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի մոտակայքում ջրամատակարման աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց նկատմամբ, ինչի արդյունքում սպանվել է 22-ամյա երիտասարդ, 3 անձ էլ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է՝ նման գործելաոճը վկայում է, որ հայրենիքում արցախահայության անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը հնարավոր է միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման պարագայում։

«Խստորեն դատապարտում ենք նման հանցավոր արարքները և պահանջում պատշաճ հետաքննություն և համարժեք քայլերի ձեռնարկում:

Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ դատապարտել Ադրբեջանի նման գործելաոճը, իսկ ՌԴ խաղաղապահ ուժերին, ԱՀ զինված ուժերին և այլ ուժային կառույցներին՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով դիմել կոշտ միջոցների»,-ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել, են ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արդարություն», «Միասնական հայրենիք», «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցությունները։