10 նոյեմբերի 2021 - 14:14 AMT
Հունվարի 2-ը ևս ոչ աշխատանքային կլինի

Ամանորի տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, և հունվարի 6-ը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Կառավարության ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որտեղ կատարվել են փոփոխություններ։

«Մենք առաջինից երկրորդ ընթերցմամբ ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել, հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում», - ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Աղվան Վարդանյանը հիշեցրել է, որ իրենք առաջարկել էին հունվարի 2-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային: Պատգամավորը հիշեցրել է նաև, որ Մայր աթոռը նույնպես առաջարկել էր ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 5-ը և 7-ը, տեղեկացնում է Aysor.am-ը:

«Էկոնոմիկայի նախարարությունը շատ կարևորում է պետություն-մասնավոր երկխոսությունը, նախագիծը քննարկվել է նախարարության ՓՄՁ ենթախորհրդում, բազմաթիվ ասոցիացիաների հետ հանդիպումների ընթացքում: Այնուամենայնիվ, այն փիլիսոփայությունը, որ դրել ենք այս օրենքի փոփոխության մեջ, որոշում է կայացվել այսպիսի տարբերակով առաջ գնալ», - ասել է Քերոբյանը:

Սեպտեմբերի 16-ի Կառավարության նիստում որոշում էր ընդունվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։

Ըստ դրա՝ Ամանորի և Ծննդյան տոները նշվելու էին դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), որոնք լինելու էին ոչ աշխատանքային կլինեն։ Իսկ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր էին սահմանվում։