Հայ հոգևորականները մարտից մեկուսացած են Դադիվանքում․ Ուխտավորները չեն կարողանում այցելել

Հայ հոգևորականները մարտից մեկուսացած են Դադիվանքում․ Ուխտավորները չեն կարողանում այցելել

PanARMENIAN.Net - Հայ 6 հոգևորական շարունակում է մեկուսացած մնալ Դադիվանքում, իսկ հայ ուխտավորները դեռևս չեն կարողանում մտնել վանական համալիր:

Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշել է, որ հոգևորականները դեռ մարտից մեկուսացած են Դադիվանքում, նրանց հետ են նաև ռուս խաղաղապահները, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Մեկուսացած են, որովհետև այդպես է այսօրվա իրավիճակը, վանքը այժմ գտնվում է օտարի տարածքում: Հոգևորականները բանտարկված չեն, իրենք հոգևոր ծառայության մեջ են, վանքի տարածքից դուրս չեն գալիս, անգամ խաղաղապահները դուրս չեն գալիս: Դուրս գան, ո՞ւր գնան, չորս բոլորն ադրբեջանցիներ են: Բայց, անշուշտ, եկեղեցին հարմար է և պատշաճ»,-ասել է տեր Վրթանեսը:

Արցախի թեմի առաջնորդի փոխանցմամբ՝ հայ ուխտավորներն անգամ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ չեն կարողանում մտնել Դադիվանք:

«Ադրբեջանը մերժում է, թույլ չի տալիս, մինչև երբ են մերժելու՝ կտեսնենք»,-ասել է նա՝ հավելելով, որ դեռևս հայտնի չէ, թե երբվանից Դադիվանքը կշարունակի ընդունել հայ ուխտավորներին:

Տեր Վրթանեսը նաև հայտնել է, որ ռուսական կողմի հետ հաճախակի է հանդիպումներ ունենում, վերջերս հանդիպել է ռուսաստանյան զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի հետ, միասին այցելել են Դադիվանք: Հանդիպումների ընթացքում մշտապես քննարկվում է հայ ուխտավորների Դադիվանք մուտքի հարցը։

Տեր Վրթանեսը հույս է հայտնել, որ այս հարցը շուտով կլուծվի և Դադիվանքը կրկին կընդունի հայ ուխտավորներին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---