Դավիթ Բաբայան․ Բոլորին պարզ է՝ չլինեն ռուս խաղաղապահները, չի լինի Արցախը

Դավիթ Բաբայան․ Բոլորին պարզ է՝ չլինեն ռուս խաղաղապահները, չի լինի Արցախը

PanARMENIAN.Net - Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կյանքն Արցախում պատերազմից մեկ տարի անց համեմատել է վիրավոր մարտիկի հետ և նշել՝ «բոլորի համար պարզ է, որ եթե չլինեն ռուս խաղաղապահները, չի լինի նաև Արցախը»։ Այդ մասին նա ասել է «Հայկական ժամանակի» հետ զրույցում։

«Արցախի մեկ ոտքը, աչքն ու ձեռքը չկան, բայց մենք ողջ ենք: Հիմա վերակենդանացման բաժանմունքից կամաց-կամաց տեղափոխվում ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Մենք այլ տարբերակ չունենք, պետք է ապաքինվենք, որովհետև եթե չլինի Արցախը, չի լինելու նաև հայոց պետականությունը: Սա պարզ ճշմարտություն է»,-ասել է նա։

Բաբայանը, անդրադառնալով Բաքվի այն հայտարարությանը, որով նա դատապարտել էր ՀՀ ՊՆ ղեկավարի այցն Արցախ, այն համարել է ահաբեկչական քաղաքականություն: «Այդ ինչպես է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը կարող է այցելել Շուշի, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան Արցախ գալ չի՞ կարող: Մենք պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք»,- նկատել է նա:

Անդրադառնալով Շուշիում տեղի ունեցած միջադեպին՝ Բաբայանն ասել է, որ այդպիսի քայլերը միտված են հայերի շրջանում հակառուսական տրամադրություն արթնացնելուն:

«Այսպիսի դեպքերի առկայությունը չի նշանակում, որ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը չեն իրականացնում: Սրա նպատակը հակառուսականություն առաջացնել է հատկապես ՀՀ-ում. Արցախում նմանատիպ տրամադրություններ չկան: Ով հակառուսական քաղաքականություն է վարում, նա դանակահարում է վիրավոր Արցախին, այդպիսի մարդիկ բարոյազուրկ են»,-ասել է Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ այսպիսի քայլերով Ադրբեջանը փորձում է նաև վհատություն սերմանել քաղաքացիների շրջանում. «Նման քաղաքականությամբ ցանկանում են երկու նապաստակ խփել՝ հայաթափել Արցախը և փչացնել հայ-ռուսական հարաբերությունները: Բոլորի համար պարզ է, որ եթե չլինեն ռուս խաղաղապահները, չի լինի նաև Արցախը»:

Այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի այս քայլերից հետո ռուսական կողմի արձագանքն ինքը համարժե՞ք է համարում՝ Արցախի արտաքին գործերի նախարարն ասել է՝ այո, այս քայլերով Ադրբեջանը մարտահրավեր է նետում Ռուսաստանին:

«Խաղաղապահ առաքելության յուրահատկությունն այն է, որ նրանք պատժիչ ուժեր չեն: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են նրանց ներգրավել բախումների մեջ: Բայց մինչև վտանգավոր կարմիր գծերին չմոտենան, նրանք չպետք է բախումների մեջ ներքաշվեն»,- ասել է Բաբայանը: Ճշտող հարցին՝ այն, ինչ անում է թշնամու կողմն այս օրերին, կարմիր գիծ չէ՞, Բաբայանը բացասական պատասխան է տվել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---