ՄԻՊ-ը վիդեո ապացույց է հրապարակել` ինչպես է դժվարացել ՀՀ բնակչության ազատ տեղաշարժը Գորիսի որոշ գյուղերով

ՄԻՊ-ը վիդեո ապացույց է հրապարակել` ինչպես է դժվարացել ՀՀ բնակչության ազատ տեղաշարժը Գորիսի որոշ գյուղերով

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ-ապացույց է հրապարակել, թե ինչպես է դժվարացել ՀՀ բնակչության ազատ տեղաշարժը Գորիսի որոշ գյուղերի միջև։

«Այն բանից հետո, երբ նոյեմբերի 12-ին փաստեր հրապարակեցինք, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունն անօրինական է և որ այդ պատճառով Սյունիքում առաջ են եկել մարդու իրավունքների ոտնահարումներ և հումանիտար լրջագույն խնդիրներ, որոշ լրատվամիջոցներում այսօր արվել են արհեստական հրահրված տարբեր հրապարակումներ, թե իբր ՀՀ ՄԻՊ փաստերը, որ Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերի միջև կապն էականորեն դժվարացել է, իրականությանը չեն համապատասխանում:

Ուստի, հրապարակում եմ ՄԻՊ աշխատակազմի կողմից անմիջականորեն ձեռք բերված օբյեկտիվ ապացույցներից մեկի ընդամենը մի մասը՝ կարճ տեսանյութ (Խոտ բնակավայրից վերը նշված բնակավայրերը տանող ճանապարհի հատված): Այն ցույց է տալիս, թե ինչպես է դժվարացել ՀՀ բնակչության և հատկապես նշված գյուղերի բնակիչների ազատ տեղաշարժը ճանապարհի այս հատվածներով, ու մարդիկ կանգնել են հումանիտար, այդ թվում՝ արտաքին աշխարհից մի քանի բնակավայրի մեկուսացման խնդիրների առաջ: Խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, ադրբեջանական զինված ծառայողների պատճառով առաջ են եկել մարդկանց կյանքի իրավունքի ու անվտանգության սպառնալիքներ»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ այս հրապարակումը (տեսանյութ-ապացույցը) ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական, այսպես կոչված, մաքսային կամ սահմանային վերահսկողությունը Գորիս-Կապան ճանապարհին չունի իրավական որևէ հիմք:

«Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին նրանց տեղակայումներն, առհասարակ, կոպտորեն ոտնահարում են մարդու իրավունքների միջազգային պահանջները: Նրանք պետք է հեռացվեն և վերջ:

Հ.Գ. Տեղական մարմինները, ինչպես նաև Սահմանապահ զորքերի ծառայողները տեղերում զգալի միջոցներ են գործադրում մարդկանց օգնելու համար, ինչի մասին երեկ հատուկ մենք հայտարարել էինք, բայց Մարդու իրավունքների պաշտպանի այդ ու այս հայտարարությունների նպատակային նշանակությունը բոլորովին այլ է»,-ասվում է գրառման մեջ:

ՄԻՊ-ն իր նախորդ գրառման մեջ նշել էր, որ ակնհայտ է, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո, ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն. Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհին 2021թ. նոյեմբերի 11-ից հայտարարված ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունը որևէ կապ չունի դրա նպատակների հետ:

Նա նշել է նաև, որ փաստերը վկայում են, որ այս ամենի իրական պատճառը, սնուցող աղբյուրը ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի կայուն (established) քաղաքականությունն է:

«Ըստ այդմ, հատկապես նոյեմբերի 11-ից Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և այլն) իրավունքների ոտնահարումներ և, առհասարակ, հումանիտար լուրջ խնդիրներ»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։

 Ուշագրավ
«Միայն «իր հաշվին» ձևակերպումն է ճանաչվեց հակասահմանադրական»,-ասվում է ԱՆ հայտարարության մեջ
Ավիաընկերությունը կապահովի դեկտեմբերի 17-19-ը նախատեսված չվերթերի բոլոր ուղևորների տեղափոխումը
«Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ»,-գրել է նա
Նա տեղեկացրել է նաև, որ կորոնավիրուսի հետևանքով հոսպիտալացված 2009 քաղաքացիներից 102-ն են պատվաստված
---