Լոռու 24 դպրոցում անգլերենի իմացությունը կհասցվի C1 մակարդակի

Լոռու 24 դպրոցում անգլերենի իմացությունը կհասցվի C1 մակարդակի

PanARMENIAN.Net - Լոռու մարզի Դեբետ համայնքի «Սմարթ» կենտրոնում ազդարարվել է «Անգլախոս գյուղական դպրոցներ» փորձնական ծրագրի մեկնարկը: Նախաձեռնության նպատակը Լոռու մարզի 22 գյուղական համայնքի 24 դպրոցում անգլերենի ուսուցման խրախուսումն ու տարածումն է։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ․ Թրեյսին և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը նոյեմբերի 13-ին ստորագրել են եռամյա փոխըմբռնման հուշագիր, որով ազդարարվել է «Անգլախոս գյուղական դպրոցներ» փորձնական ծրագրի մեկնարկը։

Եռակողմ նոր համագործակցությունը հնարավարություն կտա նշված դպրոցների ավելի քան 2400 սովորողներին դպրոցական ուսումնառության շրջանակում ձեռք բերել անգլերենի իմացության C1 մակարդակի: Միաժամանակ ուսուցիչների որակավորումը բարձրացնելու, անգլերենի իմացությունն ու մասնագիտական հմտությունները բարելավելու համար ծրագրում ընդգրկված դպրոցների 24 ուսուցիչ կմասնակցի Հայաստանի ամերիկյան համալսարանի «Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման» (CTEFL) ծրագրին։ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է նշված վերապատրաստումներն անցած ուսուցիչներին շնորհել կրեդիտներ, ինչը նրանց հնարավորություն կտա ատեստավորվելու և ստանալու ավելի բարձր աշխատավարձ։

«Ծրագիրը հնարավորություն է տալիս փորձարկելու անգլերենի նոր կրթական չափորոշիչը և առարկայական ծրագրերը, որը կարող է հիմք հանդիսանալ չափորոշչի հետագա տարածման և ներդրման համար։ Այդպիսով՝ մենք ինստիտուցիոնալացնում ենք «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հետ ունեցած համագործակացության դրական արդյունքները։ Եթե մինչ այժմ այդ համագործակցությունն արտահայտվում էր անգլերենի արտադասարանական խմբակների միջոցով, որոնք ևս նպաստում էին լեզվի ուսուցման բարելավմանը, ապա այժմ ծրագիրը ներառվում է դպրոցական ծրագրում, որը, համոզված ենք, ապահովելու է որակական փոփոխություն՝ անգլերենի ուսուցումը հասցնելով նոր մակարդակի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ լեզուների ուսուցման բարելավումը հանրակրթության նոր չափորոշչի առաջնահերթություններից է։

Նույն օրը տեղի է ունեցել նաև «Աքսես» ծրագրի ավելի քան 300 մասնակիցների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Անգլերենի ուսուցման «Աքսես» ծրագիրը ևս իրականացնում է ՔՈԱՖ-ը՝ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Վերջին 10 տարիների ընթացքում անգլերենի իմացության այս ծրագրին մասնակից ուսանողների թիվը 100-ից հասել է 1000-ի։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---