ՄԻՊ․ ԱԽ հայտարարությունը՝ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների մասին, Սահմանադրության խախտում է

ՄԻՊ․ ԱԽ հայտարարությունը՝ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների մասին, Սահմանադրության խախտում է

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ Անվտանգության խորհրդի (ԱԽ) նոյեմբերի 15-ի հայտարարությունը՝ կապված Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների հետ, խախտում է ՀՀ սահմանադրությունը և մարդու իրավունքների միջազգային պահանջները: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մասնավորապես, ԱԽ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը հղում է անում ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների ու նշում, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող հատվածները ՀՀ տարածքում չեն գտնվում: Ասվում է այլընտրանքային ճանապարհների ցանցի ստեղծման մասին ու դրանով իսկ, ըստ էության, թույլատրելի է համարվում ադրբեջանական վերահսկողությունը նշված ճանապարհների նկատմամբ»,-ասվում է գրառման մեջ: ՄԻՊ-ի վստահ համոզմամբ՝ ԱԽ-ի այս հայտարարությամբ ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների պահանջները։

Նշվում է նաև, որ ՀՀ Սահմանադրությունից բացի ԱԽ հայտարարությունն անտեսել է ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի 2021թ. ուղեցույցը միջազգային սահմաններին մարդու իրավունքների վերաբերյալ և այլն: Այս ակտերն ամրագրում են մարդու իրավունքները՝ որպես սահմանային ցանկացած գործընթացի պարտադիր բաղադրատարր:

«․․․Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, անցակետի պատճառով հումանիտար լրջագույն խնդիրների վտանգի առաջ է կանգնում Կապան համայնքի 6 գյուղի՝ Ճակատենի, Շիկահողի, Սրաշենի, Ծավի, Ներքին Հանդի, Շիշկերտի բնակչությունը: Դրանից բացի, փաստերը հաստատում են, որ պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն այդ ճանապարհի տարբեր հատվածներում ինքնին խաթարել է նշված բնակավայրերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը...

Եվս մեկ կարևոր հանգամանք՝ այլընտրանքային ճանապարհների կառուցում չի նշանակում, թե դրանով վերացվում են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ներկա ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողներից բխող իրական սպառնալիքները ՀՀ բնակչության ու հատկապես նրանց տեղակայման դիրքերի հարևանությամբ գտնվող համայնքների բնակիչների կյանքին ու անվտանգությանը:

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք պատերազմի ընթացքում խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել: Պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները խորացրել հայատյացությունն ու թշնամանքի քարոզը:

Ադրբեջանական զինված ծառայողներն այդ ճանապարհներին են հայտնվել պատերազմի սպառնալիքի ու ցեղասպան քաղաքականության արդյունքում (այս փաստերը հաստատվում են ապացույցներով)»,-ասվում է հայտարարության մեջ:

ՄԻՊ-ը նշել է նաև, որ երկու երկրների միջև տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա, ուստի, ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին ՀՀ բնակչության իրավունքների խախտում է:

«Անվտանգության խորհուրդը պարտավոր է իր գործունեության մեջ, նաև հրապարակային հայտարարություններում ղեկավարվել մարդու իրավունքների պահանջներով և չի կարող անել այնպիսի հայտարարություններ, որոնք ոտնահարում կամ վտանգում են մարդու իրավունքները կամ դրանց պաշտպանությունը դարձնում են անհնար»,-ասվում է հայտարարության մեջ:

Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, թե նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք:

Նշվում է նաև, որ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ 4 մարտական դիրք հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:

 Ուշագրավ
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
Նա նշել է, որ հայատյացությունն ու թշնամանքի քարոզն Ադրբեջանում վերջին պատերազմից հետո դարձել են ծայրահեղական՝ ֆաշիզմի աստիճանի
Նա ասել է նաև, որ ՀՀ-ն ցանկություն չունի շեղելու իր արտաքին քաղաքականությունը և փնտրել նոր դաշնակիցներ
---