25 մարտի 2009 - 21:29 AMT
Երեւանում առաջին անգամ կբացվի ֆուտբոլային լուսանկարների ցուցահանդես
Երեւանում կբացվի «Տոտալ ֆուտբոլ» լուսանկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է Հայաստան-Էստոնիա խաղին եւ կանցնի մարտի 27-29 Հայաստանի նկարիչների միությունում: Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում կայացած ֆուտբոլային խաղերի ժամանակ արված լուսանկարները: Ինչպես PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հաղորդել է ցուցահանդեսի կազմակերպիչ, «Photo Planet» գործակալության տնօրեն Հայկ Պետրոսյանը, նրանց լուսանկարիչները Հակոբ Բերբերյանի գլխավորությամբ 2 տարի շարունակ նկարահանել են ամենատարբեր ֆուտբոլային հանդիպումների էպիզոդները:

«Մեր գործակալությունը Հայաստանում լրատվության միակ աղբյուրն է, որը 2007թ. ու 2008թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերը, ինչպես նաեւ Ավստրիայում եւ Շվեյցարիայում կայացած Եվրո-2008-ի 8 խաղերը անմիջապես մարզադաշտից լուսաբանելու ՈՒԵՖԱ-ի պաշտոնական թույլտվությունն է ստացել»,-նշել է Պետրոսյանը:

Խոսելով հայկական ֆուտբոլի մասին, Պետրոսյանը հույս է հայտնել, որ կհաջողվի ֆուտբոլասերներին հետաքրքրել լուսանկարների միջոցով:

«Լուսանկարների նպատակն է հայ հանդիսատեսին ներկայացնել համաշխարհային ֆուտբոլը իր ամենատարբեր դրսեւորումներով, իսկ դա հիմնականում այն պահերն են, որոնք հանդիսատեսի տեսադաշտից դուրս են մնում, սակայն օբյեկտիվը կարողանում է որսալ դրանք: Մենք նաեւ ցանկանում ենք ցույց տալ հայ ֆուտբոլասերին ազգային առաջնության հետաքրքիր էպիզոդները, հույս ունենալով գոնե մի փոքր հետաքրքրություն առաջացնել հայկական ֆուտբոլի հանդեպ: Նման ցուցահանդես Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Սակայն վստահեցնում եմ, որ այն շարունակություն կունենա, քանի որ այժմ արդեն մենք շատ խրախուսիչ արտահայտություններ եւ համագործակցության մասին առաջարկություններ ստացանք»,-ասել է Պետրոսյանը:

Պետրոսյանը նշել է նաեւ, որ նրանք հրավերներ են հղել ինչպես Հայաստանի հավաքականին, այնպես էլ էստոնական թիմին:

«Մենք պայմանավորվեցինք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պուոլսենի հետ, որ այն դեպքում, եթե մեր հավաքականը հաղթի էստոնացիներին, ապա թիմն իր գլխավորությամբ կայցելի մեր ցուցահանդես: Մենք նաեւ հրավիրել ենք Էստոնիայի հավաքականին: Սակայն պատասխան դեռեւս չենք ստացել: Ցանկացած դեպքում ցուցահանդեսի մուտքը բաց է բոլորի համար»,-ասել է Պետրոսյանը:

Չնայած նրան, որ ցուցահանդեսը բացվում է մարտի 27-ին, բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մարտի 28-ին 13:00 Երեւանի ժամանակով: Ցուցահանդեսը կբացեն ՀՀ սպորտի ու երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանն ու ՀՖՖ-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: