25 մարտի 2009 - 21:36 AMT
Ամերիկացի կոնգրեսականներն առաջարկում են 2010թ. Հայաստանին հատկացվող օգնությունն ավելացնել մինչեւ $70 մլն
ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցության Խմբի համանախագահներ, կոնգրեսականներ Ֆրենկ Պալլոունը եւ Մարկ Կիրկն Կոնգրեսի իրենց գործընկերներին կոչ են արել միանալ իրենց նախաձեռնությանը եւ աջակցել 2010թ. ֆինանսական տարվա բյուջեին նախագծի մեջ փոփոխություններ ներմուծելու ջանքերը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայկական Ազգային Հանձնաժողովը (ANCA): Կոնգրեսականներ Պալլոունը եւ Կիրկը առաջարկել են մեծացնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված ամերիկյան օգնությանը ծավալները:

«Մենք ողջունում ենք կոնգրեսականներ Ֆրենկ Պալլոունի ու Մարկ Կիրկի նախաձեռնությունը, որն ուղղված է Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովմանը»,- հայտնել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հայաստանի աջակցության Խմբի համանախագահները ԱՄՆ Կոնգրեսում մի նամակ են տարածել, որում ԱՄՆ Կոնգրեսի այլազգի օգնության ենթահանձնաժողովին կոչ են արել փոքրացնել Ադրբեջանի համար նախատեսված ամերիկյան օգնությունը եւ մեծացնել Հայաստանին հատկացվող օգնությունը $48 մլն-ից մինչեւ $70 մլն, իսկ ռազմական ֆինանսական օգնությանը ծավալը` $3,3 մլն-ից մինչեւ $5 մլն:

Կոնգրեսականներն առաջարկում են մեծացնել նաեւ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը առաջարկվող $8 մլն-ից մինչեւ $10 մլն:

Կոնգրեսականները կարող են միանալ այդ նախաձեռնությանը նախքան ԱՄՆ Կոնգրեսի այլազգի օգնության ենթահանձնաժողովում 2010թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագծի հաստատման շուրջ քննարկումների սկիզբը: