ԱԳՆ․ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են իրավապայմանագրային հենքով ամրագրված հնարավոր համատեղ քայլերը

ԱԳՆ․ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են իրավապայմանագրային հենքով ամրագրված հնարավոր համատեղ քայլերը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, անդրադառնալով ՀՀ տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման փաստով ՌԴ-ին դիմելու հարցին, հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով։

Նա նշել է, որ Հայաստանն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ:

«Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը: Այս համատեքստում, երկու երկրի ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»,-ասել է նա, տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու հարցին՝ Հունանյանը նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին:

«Ցանկանում ենք նշել, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը»,-ասել է նա:

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Նոյեմբերի 17-ի` ժամը 10։00-ի դրությամբ հարաբերական կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

 Ուշագրավ
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
Նա նշել է, որ հայատյացությունն ու թշնամանքի քարոզն Ադրբեջանում վերջին պատերազմից հետո դարձել են ծայրահեղական՝ ֆաշիզմի աստիճանի
Նա ասել է նաև, որ ՀՀ-ն ցանկություն չունի շեղելու իր արտաքին քաղաքականությունը և փնտրել նոր դաշնակիցներ
---