Պեսկով․ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի շփման համար բոլորի համաձայնությունն է պետք

Պեսկով․ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի շփման համար բոլորի համաձայնությունն է պետք

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ շփման համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը։

«Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն, սակայն, որ դրանք հնարավոր լինեն, հարկավոր է երեք կողմի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- ասել է խոսնակը, գրում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան զսպվածության կոչ է անում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախման կողմերին և հանդես է գալիս եռակողմ պայմանավորվածությունների կատարման օգտին։

«Իրոք, մարտական գործողությունների վերսկսումը հայ-ադրբեջանական սահմանին լուրջ մտահոգության առիթ տվեց, սակայն ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվեց հակամարտ կողմերին զսպվածության կոչել»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նշել է, որ ռուսական կողմն առաջիկայում ևս դա կանի։ «Մենք, այնուամենայնիվ, կարծում ենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների կատարումն է»,-ասել է Պեսկովը։

Նա հիշեցրել է նաև, որ իրավիճակի կայունացման համար ակտիվ ջանքեր է գործադրել «առաջին հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Նոյեմբերի 17-ի` ժամը 10։00-ի դրությամբ հարաբերական կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---