18 նոյեմբերի 2021 - 11:07 AMT
ԵԺԿ-ն կարևորել է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումների միջազգային հետաքննության կարիքը

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) խորապես մտահոգված է վերջին ռազմական գործողություններով հայ-ադրբեջանական սահմանին և կարևորում է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումների միջազգային հետաքննության անհրաժեշտությունը՝ այդ թվում ագրեսորի դեմ համապատասխան պատժամիջոցների կիրառումը։ Այդ մասին ասվում է ԵԺԿ հայտարարության մեջ։

«Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի խախտումները։ Միանշանակ մերժում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը որպես տարածաշրջանում քաղաքական նպատակներին հասնելու միջոց։

Ընդգծում ենք միջազգային կանխարգելման մեխանիզմների և ռազմական բախումների միջազգային հետաքննության կենսական անհրաժեշտությունը՝ ներառյալ ագրեսորների դեմ զգալի համապատասխան պատժամիջոցները։

Հարատև խաղաղությունը տարածաշրջանում հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և բանակցային կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված Հիմնարար սկզբունքների հիման վրա»,-ասվում է հայտարարության մեջ։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի 2 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։