Աղաջանյան․ Ռազմավարական դաշնակցից չենք ստանում այն ադեկվատ արձագանքը, որը կուզեինք

Աղաջանյան․ Ռազմավարական դաշնակցից չենք ստանում այն ադեկվատ արձագանքը, որը կուզեինք

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով ՌԴ արձագանքին սահմանային իրադրությանը, ասել է, որ Հայաստանը ռազմավարական դաշնակցից չի ստանում այն ադեկվատ արձագանքը, որը կցանկանար։ Այդ մասին հայտնում է Civilnet-ը:

Նա ասել է, որ Հայաստանը 2-րդ անգամ գրավոր չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը 1997-ից երկու երկրի միջև գործող պայմանագրի համաձայն՝ պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը։

Ի պատասխան դիտարկմանը, որ նոյեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները կոշտ էին արտահայտվում Ռուսաստանի հասցեին՝ նշելով, որ ՌԴ-ն պետք է կատարի պարտավորությունները, հակառակ դեպքում կարող են ի հայտ գալ նոր դաշնակիցներ՝ Աղաջանյանը պատասխանել է, որ «իրենք չեն խոսում դաշնակիցների այլընտրանքի մասին, իրենք խոսում են գործող ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների ու խնդիրների մասին»։

«Սա մեր քաղաքական ուժի ներկայացուցիչների կարծիքը չէ, սա, ըստ էության, այն անհանգստությունն է, որը կա և տարածված է մեր հանրային լայն շերտերի մոտ։ Հանրությունում հարցեր են ձևավորվում, առավել ևս ռազմական էսկալացիաների և սադրանքների ֆոնին, թե այս պարագայում ո՞ւր է մեր դաշնակիցը, ինչո՞ւ մենք ադեկվատ ռեակցիայի ականատես չենք լինում մեր ռազմավարական դաշնակցի կողմից»,- ասել է Աղաջանյանը։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ համապատասխան ուղղություններով օգնության տրամադրման համար 2020-ի մայիսի 14-ին գրավոր դիմում ներկայացվել է թե ՀԱՊԿ-ին, թե Ռուսաստանին, բայց դրան հետևած գործողությունները չեն համապատասխանել այն ակնկալիքներին, որոնք եղել են։

«Ցավոք՝ չենք ստանում այն ադեկվատ արձագանքը, որը կուզեինք։ Հարկ եղած դեպքում ես կարծում եմ, որ կառավարությունը ևս մեկ դիմում կամ մեկական դիմում պետք է ուղարկի համապատասխան կողմերին։ Հայաստանի կառավարության դիրքորոշումը միանշանակ է, որ ՀԱՊԿ-ը պետք է համապատասխանի այն առաքելությանը, որի համար ՀՀ-ն միացել է այդ կառույցին, իսկ այդ կառույցը, ըստ էության, ՀՀ-ի սուվերենության երաշխավորներից մեկն է, և մենք այս մասին պետք է շատ ուղիղ խոսենք մեր գործընկերների հետ։ Այս մասին մենք նաև պետք է ուղիղ խոսենք մեր ռուս գործընկերների հետ»,- նշել է Աղաջանյանը՝ հավելելով, որ Հայասատանը ցանկություն չունի շեղելու իր արտաքին քաղաքականությունը և փնտրել նոր դաշնակիցներ։

«Հետևաբար ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է ավելի պրոակտիվ լինի մեր դաշնակից գործընկերների հետ, և վստահաբար այն խնդիրները, որոնք առկա են, հնարավոր է լուծել և գնալ այդ ճանապարհով»,- նշել է նա։

Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ի կազմում Հայաստանից և Ռուսաստանից բացի կան նաև այլ երկրներ, որոնք Ադրբեջանի հետ ավելի լավ հարաբերություններ ունեն, և այդ պարագայում դժվար է պատկերացնել, որ նրանք ինչ-որ գործընթացներ սկսվելու դեպքում զենք ու զորք կուղարկեն Հայաստանը պաշտպանելու, Աղաջանյանն արձագանքել է, որ այդ կառույցում ամենաազդեցիկը Ռուսաստանն է՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի 2 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---