22 նոյեմբերի 2021 - 10:25 AMT
Երևանում փողոցներ են փակել․ Կան բերման ենթարկվածներ

Նոյեմբերի 22-ի առավոտյան Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը գրեթե կանգնած էր։ Որոշ կուսակցություններ, անհատներ, հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիաներ են իրականացնում` «ժողովրդին արթնացնելու», փողոց դուրս բերելու և հայրենիքն այս իրավիճակից փրկելու կոչերով։

ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանն իր խմբով բողոքի ակցիա է իրականացնում Արշակունյաց պողոտայում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Մյասնիկյան պողոտան փակել էին ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի և «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նախաձեռնությամբ։ Բողոքի ակցիայի մասնակիցները ձեռքներին բռնել են «Ես անտեր չեմ», «Ես անտարբեր չեմ» գրությամբ պաստառներ։

Լրագրող Նաիրի Հոխիկյանը իր կողմնակիցների հետ ևս բողոքի ակցիա է իրականացնում Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա։

Երևանի փողոցները փակած 18 քաղաքացի բերման է ենթարկվել, հայտնում է Panorama.am-ը` ոստիկանությանը հղումով։

Ավելի վաղ Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ ՀՀ իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Ազատագրական շարժման մասնակիցները նոյեմբերի 22-ին` ժամը 17:00-ին հավաքվելու են Հանրապետության հրապարակում` «տեր կանգնելու երկրին ու պետականությանը»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։