22 նոյեմբերի 2021 - 14:50 AMT
«Ռոստեխ». Հայաստանը հետաքրքրված է ռուսական նորագույն հարվածային ուղղաթիռներով

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ղազախստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական «Կա-52Մ» և «Մի-28Նէ» նորագույն հարվածային ուղղաթիռների նկատմամբ։ Այդ մասին հայտնել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի «Ռուսական ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, նոյեմբերի 14-18-ը ԱՄԷ-ում կայացած Dubai Airshow 2021 միջազգային ցուցահանդեսի շրջանակու օտարերկրյա պատվիրատուների մեծ հետաքրքրություն է գրանցվել ռուսական «Կա-52Մ» և «Մի-28Նէ» ուղղաթիռների նկատմամբ։ «Պատվիրակություններ կային Հայաստանից, Ղազախստանից, Մալայզիայից, Մավրիտանիայից, ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից։ «Ռոսօբորոնէքսպորտի» գործընկերներն ակտիվորեն աշխատում են առաջխաղացման ուղղությամբ, մենք գոհ ենք ունեցած արդյունքից»,- ասել է Բոգինսկին։

«Մի-28Նէ» հարվածային ուղղաթիռի առաջին միջազգային ցուցադրությունը Dubai Airshow 2021-ի գլխավոր նորույթներից էր։ «Գիշերային որսորդի» այս մոդիֆիկացիան երբեք չէր ցուցադրվել ՌԴ-ից դուրս։ «Կա-52»-ը ևս առաջին անգամ է մասնակցել Dubai Airshow-ին։ Ուղղաթիռները մասնակցել են թռիչքային ծրագրին, ցուցադրել բարդ պիլոտաժի և մանևրի տարրեր, որոնք կիրառվում են օդային մարտում։

«Մի-28Նէ» հարվածային ուղղաթիռը նախատեսված է օդային թիրախների, տանկերի և զրահատեխնիկայի խոցման համար, ինչպես նաև հետախուզման և պարեկության համար։

Կա-52М-ը Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռի արդիականացված տարբերակն է։

Photo. TASS