Սերժ Սարգսյանն իր հանդեպ նոր հետապնդումն անհեթեթություն է որակել

Սերժ Սարգսյանն իր հանդեպ նոր հետապնդումն անհեթեթություն է որակել

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում նոյեմբերի 22-ին իրեն առաջադրված մեղադրանքը որակել է որպես անհեթեթություն։ Այդ մասին ասել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Գործընթացը սկզբից մինչև վերջ անհեթեթություն է, մեռելածին գործընթաց է»,- նշել է փաստաբանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու են դեռևս երեք տարի առաջ հարուցված քրեական գործի մասին հիշել միայն հիմա՝ Մակինյանն ասել է, որ շոուն իրականացվում է հասարակությանն ինչ-որ հարցերից շեղելու համար, սակայն ակնհայտ է, որ դա չի ստացվում։

Փաստաբանը նշել է, որ այս քրգործով դեռևս տարիներ առաջ Սարգսյանը հարցաքննվել է, ինչից հետո որևէ գործողություն, որևէ նոր ի հայտ եկած հանգամանք չի եղել։ Մակինյանը վստահեցրել է՝ նոր հանգամանք չկա և չի էլ կարող լինել, որովհետև, եթե վարույթն իրականացնող մարմինն ունենար փաստարկներ, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությամբ դատարան կգար։

«Այդ պայմաններում մենք կարող էինք մեր ձեռքի տակ ունենալ այն ենթադրյալ ցուցմունքները, որոնք դեռևս 2018թ են հայտնել։ Այդ հանգամանքների շուրջ պարոն նախագահը հարցաքննվել է և 3.5 տարի է, ինչ որևէ առումով դրանք իրավական գնահատման չեն արժանացել, որովհետև արժանանալու իրավական հիմք չի եղել, իսկ հիմա նույն փաստերը վերհանել և գնահատական տալը ոչ այլ ինչ է, քան՝ հասարակությանը շեղելու փորձ, ինչպես նաև՝ պարոն նախագահի քաղաքական գործունեությունը զսպելու անհաջող փորձ։ Անհեթեթ իրավիճակ է»,- ասել է Մակինյանը։

Նոյեմբերի 22-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Ընդ որում՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել դեռևս երեք տարի առաջ հարուցված, այսպես կոչված՝ «Շաքար Սիլվայի»՝ Սիլվա Համբարձումյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։ Ըստ քրեական գործի՝ Սիլվա Համբարձումյանն իբրև կաշառք է տվել Սերժ Սարգսյանին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---