Քոչարյան․ Սահմանին լարվածություններ լինելու են մինչև խնդիրների վերջնական լուծումը

Քոչարյան․ Սահմանին լարվածություններ լինելու են մինչև խնդիրների վերջնական լուծումը

PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 22-ի լարվածությանը, ասել է, որ նման լարվածությունները միշտ ուղեկցելու են մինչև խնդիրների վերջնական լուծումը, որն իրականություն կդառնա այն ժամանակ, երբ մտնենք սահմանագծման ու սահմանազատման փուլ։

«Դրա համար երկրում պետք է ստեղծել ներդաշնակ, կայուն իրավիճակ։ Ինքներդ տեսաք, որ կան ուժեր, որոնք այդ ցանկությունը կամ օրակարգը չունեն»,- նշել է պատգամավորը, գրում է «Փաստինֆոն»։

Նա ասել է նաև, որ Հայաստանի և հակառակորդի պաշտպանության նախարարների միջև օպերատիվ կապը պետք է իրականություն դառնա։

Հարցին, թե ինչ է պարզ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից, քանի որ ԱԳՆ-ն չի հերքում, որ նոյեմբերի վերջին կարող է նման հանդիպում լինել՝ Քոչարյանն ասել է՝ բազմիցս հայտարարել են, որ ՀՀ-ն դրան կողմ է։

«Մենք շահագրգռված ենք, որ դա օր առաջ սկսվի, որ հստակություն լինի՝ զրոյական կետը որտեղ է և այդ կետի շուրջ բանակցություններից հետո պետք է տեղի ունենան այն խնդիրների լուծումները, որոնք կապված են առաջնագծի ինժեներական կառույցների կահավորման հետ»,-նշել է Քոչարյանը։

Անդրադառնալով հարցին, թե որ թվականի քարտեզներով է իրականացվելու սահմանագծումն ու սահմանազատումը, պատգամավորը նկատել է՝ հայ ժողովուրդը ցանկանում է Տիգրան Մեծի ժամանակների, խոսք է գնացել նաև 20-ականների քարտեզի մասին։

«Բանակցությունների ընթացքում պետք է գտնել մեզ համար ցանկալի զրոյական կետը, որից հետո չունենանք կորուստներ, այլ հակառակը՝ ունենանք ձեռքբերումներ։ Դա պետք է սկսել բանակցային գործընթացով, իսկ նման գործընթացի շրջանակներում լինելու են լարվածության այսպիսի օջախներ, որոնք կմարեն այն ժամանակ, երբ Հայաստանի ներսում այդ օջախներին անուղղակի սպասարկող գործընթացներ չեն լինի»,-ասել է Քոչարյանը։

Ինչ վերաբերում է Բրյուսելում դեկտեմբերի 15-ին սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ապա Քոչարյանը նշել է, որ բոլոր բանակցություններից պետք է ինչ-որ ակնկալիք ունենալ։

«Եթե գնում ենք բանակցությունների, նշանակում է՝ ասելու կամ լսելու բան ունենք։

Բանակցությունները միշտ լավ են, որ լարվածությունները թուլացնեն։ Թե ինչ խնդիր պետք է լուծեն բանակցությունները, կապված է թե բանակցող կողմն իր հետևում ինչ ունի։ Հետև ասածն իշխանության տեսանկյունից ժողովրդի կամքի արտահայտությունն է»,-նշել է պատգամավորը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հանդիպումը տեղի կունենա «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում։

Մինչ այդ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում էր սպասվում, որն, ըստ Կրեմլի, հեռավար էր անցնելու, սակայն այն չկայացավ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ շփման համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վստահություն էր հայտնել, որ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա, ինչի համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---