24 նոյեմբերի 2021 - 11:25 AMT
Ցուցարարները կաթվածահար են արել մետրոյի աշխատանքը․ Կան բերման ենթարկվածներ

«Ազատագրական շարժման» անդամները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականցրել Երևանի մետրոպոլիտենում՝ կաթվածահար անելով մետրոյի աշխատանքը։

Ցուցարարները կանգնել են վագոնների դռների միջև՝ թույլ չտալով, որ գնացքները շարժվեն։ Կան բերման ենթարկվածներ։

Շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ «ոստիկանությունը սկսում է բռնություն կիրառել շարժման անդամների նկատմամբ»։

Նա հայտարարել է նաև, որ շարժման հերթական հավաքը կլինի նոյեմբերի 24-ին՝ 18:30-ին, Հանրապետության հրապարակում։

«Ազատագրական շարժման» պահանջներն են՝ կանխել սահմանազատման և սահմանագծման «հակահայկական ծրագիրը», թույլ չտալ միջանցք տրամադրել թուրք-ադրբեջանական տանդեմին և պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: