Սիմոնյանը՝ Ֆրանսիայի Սենատում․ Հայ գերիների հայրենադարձումը Բաքվի համար սակարկության առարկա է

Սիմոնյանը՝ Ֆրանսիայի Սենատում․ Հայ գերիների հայրենադարձումը Բաքվի համար սակարկության առարկա է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հրավերով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովում հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց հայրենադարձումն ադրբեջանական կողմի համար սակարկության առարկա է։

Համաժողովը նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձևի ընդունման մեկամյակին:

Սիմոնյանն անդրադարձել է ՀՀ սահմաններին տիրող լարվածությանը, 44-օրյա պատերազմին հաջորդող ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից շարունակաբար միջազգային իրավունքի կոպիտ խախտումներին:

Նա նշել է նաև, որ, իր կարծիքով, միջազգային հանրությանը պարզ տեսանելի է՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց հանդեպ կիրառվող անմարդկային և արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքն ու կտտանքները, որոնք փաստագրված են միջազգային հեղինակավոր հասարակական կազմակերպությունների կողմից:

ԱԺ նախագահի խոսքով՝ ՀՀ-ն արժևորում է Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և բարեկամ երկրի ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում:

Սենատի նախագահ Ժերար Լարշեի համոզմամբ՝ հայ ֆրանսիական հարաբերությունները մշտապես եղել են և կլինեն բարձր մակարդակի վրա, դրանց հիմքում երկու ժողովուրդների միջև պատմամշակութային բազմադարյա կապերն են:

Միջոցառման բանախոսները միակարծիք են եղել՝ Արցախի հիմնահարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն նշել է, որ Ֆրանսիայի Սենատն առաջինն էր Եվրոպայում, որն ընդունեց Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև: Բրունո Ռըտայոն խոսել է նաև Ադրբեջանի իրականացրած ռազմատենչ քաղաքականության մասին:

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն նշել է, որ Արցախի դեմ պատերազմի սանձազերծման և Հայաստանի վրա հարձակման փաստն ընդունված է միջազգային հանրության կողմից։ Նա դիվանագիտական հարթակում իրավիճակի հաղթահարման առումով բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի և ԱԺ-ի կողմից Արցախի ճանաչմանը վերաբերող բանաձևերի ընդունումը: Խորհրդարանականը խոսել է նաև Արցախի հետ բարեկամական խմբի ստեղծման կարևորության մասին: Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը կատարել են իրենց քայլը, այժմ հերթը Ֆրանսիայի կառավարությանն է:

Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը հանգամանալի խոսել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի անդառնալի հետևանքների, այս նոր իրավիճակում արցախցիների իրավունքների պաշտպանության մասին: Նա ներկայացրել է առաջիկա տարիների համար Արցախում իրականացվող սոցիալական, բնակարանաշինական ծրագրերը: Գևորգյանը բարձրացրել է Ադրբեջանում գերեվարված անձանց վերադարձի և նրանց իրավունքների ոտնահարման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պաշտպանության հարցերը:

Համաժողովին ներկա են եղել սենատորներ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---