25 նոյեմբերի 2021 - 13:46 AMT
Տունը կորցրած շուռնուխցիներին և որոտանցիներին ևս 5 ամիս կաջակցեն

Սյունիքի Շուռնուխ և Որոտան գյուղերի այն բնակիչները, որոնց տները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, ևս 5 ամիս կշարունակեն աջակցություն ստանալ։ Այդպիսի որոշում է կայացվել գործադիրի նիստում։

Հուլիսին աջակցությունը դադարեցվել էր, բայց քանի որ քաղաքացիներն իրենց գյուղերը վերադառնալու հնարավորություն չունեն, որոշվել է աջակցությունը տրամադրել նաև օգոստոսից մինչև դեկտեմբեր ժամանակահատվածի համար:

Նախագիծը ներկայացրել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Աշոտ Ղուլարյանը, պատասխանելով Շուռնուխի նոր թաղամասի կառուցման ընթացքի մասին վարչապետի հարցին, ասել է, որ շինարարության հետ կապված որոշակի խնդիրներ էին առաջացել, բայց այժմ աշխատանքները վերսկսվել են։

«Հուսով ենք, որ սահմանված ժամկետում՝ 2022-ի առաջին կիսամյակում, ամբողջությամբ կավարտենք»,-ասել է նա։

Շուռնուխի ու Որոտանի տեղահանված բնակիչներին 2021-ի փետրվար-հուլիս ամիսներին կառավարության որոշմամբ տրամադրվել է 300,000 դրամ՝ ընտանիքին, և ևս 68,000 դրամ ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամին։